2025 թվականին, 2024–ի համեմատ, ՀՀ պաշտպանական ոլորտում շատ էական ու կտրուկ աճ ենք ունեցել` անհամաչափ աճ` 115 մլրդ դրամի չափով, որը հիմնականում պայմանավորված է եղել հրատապ կարիքներով։ Այդ մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։
Պատգամավորը վարչապետին հիշեցրեց նրա խոսքերն այն մասին, որ 2026 թ–ին ՀՀ պաշտպանական ծախսերի էական ավելացում հնարավոր է` չլինի կամ ընդհանրապես չլինի։ Նա խնդրեց վարչապետին պարզաբանել, թե աշխարհաքաղաքական զարգացումների այս դինամիկայի մեջ պաշտպանական ծախսերի ի՞նչ ծավալներ են ակնկալվում հաջորդ տարի։
Փաշինյանը վստահեցրեց, որ այդ ծախսերի մի մասը ՀՀ կառավարությունն ուղղել է պարտքերի ու պարտավորությունների մարմանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում։
«Այն վարկերը, որոնք պետք է 2030 կամ 2035 թվականներին մարենք, հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազեցնենք»,– հայտարարեց Փաշինյանը` ավելացնելով, որ միջնաժամկետով ծրագրերով եթե նայում ենք, ապա 2026 թվականին, 2024 թ–ի համեմատ, պաշտպանական ծախսերն ունեն բնականոն աճ։
Նա նշեց, որ 2026 թվականին պաշտպանական ծախսերի ավելացում չնախատեսելը պայմանավորված է հենց իր այս նշած հանգամանքով։
Փաշինյանի խոսքով` կան նաև այլ գործոններ, որոնք, ըստ անհրաժեշտության, նա կարող է պատգամավորների առաջ հրապարակել միայն դռնփակ ռեժիմով։
Հիշեցնենք` ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ֆոնին երկրի իշխանությունները ծրագրում են 2026 թվականի բյուջեում նվազեցնել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը 2025 թվականի համեմատ:
Հավելենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։