Հունվարի 29-ին տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի այցը Հայաստան, որի շրջանակներում նա հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, նախագահի և արտգործնախարարի հետ: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումների ժամանակ հնչած մտքերն ու հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները թևակոխում են զարգացման նոր փուլ:
Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները, դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները եվրահանձնակատարի կողմից արժանացան բավական բարձր գնահատականի: Ավելին՝ բավական հստակ արձանագրվեց նաև ԵՄ-ի պատրաստակամությունն աջակցել Հայաստանին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, դատական համակարգի բարեփոխումը, կոռուպցիայի դեմ պայքարը և գործարար միջավայրի բարելավումը:
Այս առումով հատկանշական է ԵՄ հանձնակատարի հայտարարությունն այն մասին, որ Եվրամիության՝ 2021-2027 թվականների բյուջեով Հայաստանին ֆինանսական օգնությունն ավելի մեծ կլինի, քան հիմա է։ Իսկ ֆինանսական օժանդակության մեծացումը պայմանավորված է 2018թ. Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններով: «Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որը նվիրված է հատուկ ձեռքբերումներին՝իրավունքների գերակայության ու ժողովրդավարությանբ նագավառում: Անշուշտ, դա լրացուցիչ ֆինանսական օժանդակության աղբյուր կլինի Հայաստանի համար: Անցյալ տարի մի փոքր դա արեցինք, բայց ավելին կանենք 2019 թ.-ին: Ես համարձակվում եմ արդեն հիմա հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝որպես խրախուսանք անցյալ տարվա զարգացման համար», - ասել է Յոհաննես Հանը: Ակնհայտ է, որ Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունն էական աջակցություն կլինի ՀՀ իշխանությունների կողմից նախաձեռնած փոփոխություններին և կնպաստի երկրում տարբեր ոլորտների զարգացման տեմպերին:
Բացի ֆինանսական աջակցությունից, Հայաստանում Յոհաննես Հանի հանդիպումների շրջանակներում կարևորվել են նաև Հայաստանում եվրոպական ներդրումների ներգրավման հնարավորությունները: Մասնավորապես, քննարկվել է ներդրումային խորհրդաժողով կազմակերպելու հարցը՝ եվրոպացի գործարարներին ՀՀ-ում առկա ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար: Ըստ Հանի՝ «Հայաստանի դրական միջավայրը զգացվում է նաև արտասահմանում, ներդրումային միջավայրի վրա ևս ազդում է, և մարդիկ այսօր, ավելի քան երբևէ, հետաքրքրված են, որ գան Հայաստան»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների իրավական հիմքին, ապա այն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է (ՀԸԳՀ), որի կարևորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման և առավել զարգացման տեսանկյունից ընդգծվում է թե՛ ՀՀ, թե՛ ԵՄ կողմից: Յոհաննես Հանը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը ավարտին հասցնելը և դրա առաջին փուլի շրջանակում քայլերի ձեռնարկումը: Թեմայի վերաբերյալ ԵՄ հանձնակատարը նաև գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ նշելով. «Մեր ՀԸԳՀ-ն կարող է ծառայել որպես գործիք՝ տնտեսական, դատական, կրթական ոլորտներում, ինչպես նաև պետության արդիականացման հարցում վստահելի և հավակնոտ բարեփոխումների իրականացման համար, այդ թվում՝ իստիտուցիոնալ կարողությունների զարգացման տեսանկյունից։ Անհամբեր սպասում ենք ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի ընդունմանը»։ Նշենք, որ ՀՀ կողմից արդեն իսկ մշակվել և եվրոպական կողմին է փոխանցվել ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը և ակնկալվում է դրա հաստատումը ԵՄ կողմից:
Ինչ վերաբերում է վիզայի ռեժիմի ազատականացմանը, ապա այն նույնպես ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերից է, որի վերաբերյալ քննարկումներ են եղել նաև Յոհաննես Հանի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: ԵՄ հանձնակատարը շեշտել է, որ Եվրոպական հանձնաժողովը դրական է տրամադրված Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում, և նախատեսված է հարցը քննարկել կազմակերպության անդամ երկրների հետ: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ մինչև Եվրախորհրդարանի ընտրությունը դժվար թե այս հարցում առաջընթաց լինի: Ուստի, այս առումով դրական տեղաշարժեր պետք է ակնկալել արդեն այս տարվա մայիսից հետո:
Ամփոփելով՝ պետք է ընդգծել, որ Յոհաննես Հանի այցը Հայաստան և նրա կողմից արված հայտարարություններում տեղ գտած շեշտադրումները ևս մեկ անգամ փաստում են, որ այսօր, առավել քան երբևէ Հայաստանն ունի մեծ հնարավորություն՝ ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Եվրամիության հետ, հնարավորինս արդյունավետ օգտագործելու այդ հարաբերություններում առկա ներուժը՝ օգտագործելով ՀԸԳՀ կողմից ընձեռած հնարավորությունները և գործիքները: Իսկ որպեսզի այս հարցում իսկապես հաջողենք և երկկողմ հարաբերությունները տեղափոխենք որակական նոր հարթություն, անհրաժեշտ է լինել հետևողական՝ գործի դնելով այդ թվում խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը:
Նյութի աղբյուրը՝ armenpress.am
0Comments