Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրն ու հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը խիստ մտահոգիչ են և ոչ մի կերպ չեն կարող արդարացվել։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ Գերմանիայում անհնար է պատկերացնել մարդու հիմնարար իրավունքների նմանօրինակ խախտումներ, անհնար է պատկերացնել որևէ էթնիկ խմբի բռնի տեղահանում։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին և դրանից հետո Ադրբեջանի կողմից կատարված հանցագործություններին՝ Վինքելմայեր-Բեքերը նշեց, որ Միջազգային քրեական դատարանը պետք է հանգամանորեն քննի աշխարհի տարբեր կողմերում իրականացված պատերազմական բոլոր հանցագործությունները և դրանց վերաբերյալ հանդես գա հստակ գնահատականներով ու վճիռներով, առավել ևս, որ դրա համար ունի կոնկրետ գործիքակազմ։ Ըստ նրա՝ դա վերաբերում է նաև ռազմագերիների վերադարձին, որը կարող է լինել առանցքային կետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու, ինչպես նաև՝ լավ հիմք՝ բանակցությունների արդյունքում դրական հանգրվանի հասնելու համար։
«Ուրախ կլինենք, եթե Գերմանիան նպաստի Հարավային Կովկասում կայունության հաստատմանը, հետևաբար, պատրաստ ենք երկու կողմերին աջակցել խաղաղության օրակարգն ու բանակցություններն առաջ մղելու գործում։ Խաղաղության գործընթացի այս փուլում Գերմանիան պետք է հակամարտող կողմերի միջև հանդես գա որպես ազնիվ գործընկեր և աջակցող կողմ, ինչը բխում է Հայաստանի շահերից»,- ասաց Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահը։
Վինքելմայեր-Բեքերը հայտնեց, որ ՀՀ արդարադատության նախարարը գերմանական պատվիրակության անդամներին տեղեկացրել է, որ հայկական կողմի համար կարևոր բաղադրիչներից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացն է՝ հիմնված խորհրդային քարտեզների վրա։
«Հույս ունենք, որ դրանք հիմք կհանդիսանան երկարատև ստատուս-քվոյի համար հետագա համաձայնության շրջանակում։ Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը գտնվում է նաև ԵՄ քաղաքացիական առաքելության ուշադրության կենտրոնում։ Հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կհասնեն այնպիսի հանգրվանի, երբ ՀՀ-ի միջազգայնորեն հստակեցված ու ճանաչված տարածքն այլևս վիճարկման ենթակա չի լինի և հիմք կհանդիսանա կայուն խաղաղության համար»,- ասաց Վինքելմայեր-Բեքերը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու Գերմանիան պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ՝ բանախոսն ընդգծեց, որ պատժամիջոցներն, ընդհանրապես, ունենում են սահմանափակ հաջողություններ և որ այս փուլում պատժամիջոցների կիրառումը կարող է խանգարել խաղաղության գործընթացի արդյունավետ ընթացքին։
Վինքելմայեր-Բեքերը տեղեկացրեց, որ գերմանական պատվիրակությունը Երասխում համատեղ շրջայց է կատարել ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների հետ։ Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակն է կանխել հնարավոր սահմանային սրացումներն ու փաստահավաք գործունեությամբ օգնել եվրոպացի գործընկերներին։
0Comments