Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունել է Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, հայտնում է Bild-ը։
Մերցը X հարթակում գերմաներեն և ֆրանսերեն գրել է. «Շատ շնորհակալ եմ, հարգելի Էմանուել Մակրոն, Ձեր բարեկամության և գերմանա-ֆրանսիական հարաբերությունների նկատմամբ վստահության համար: Միասին մեր երկրները կարող են Եվրոպայի համար մեծ հաջողությունների հասնել»:
Սա Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահի առաջին արտասահման այցն էր Բունդեսթագի ընտրություններում դաշինքի հաղթանակից հետո։
Զրույցի մանրամասները դեռևս չեն բացահայտվել, ֆրանսիական կողմից մեկնաբանություններ չեն եղել։ Ըստ Bild-ի՝ Մերցը Փարիզ է մեկնել ռազմաօդային ուժերի ինքնաթիռով։ Մակրոնը նրան ընթրիքի է հրավիրել։
Դաշինքը հայտարարել է, որ զրույցն անցել է չափազանց բարեկամական մթնոլորտում, քննարկվել են մեծ թվով հնարավոր համատեղ նախաձեռնություններ։ Հաշվի առնելով Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը՝ հավանաբար Փարիզում կայացած հանդիպմանը քննարկվել է եվրոպական պաշտպանությունը։
0Comments