Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն առաջարկում են Ուկրաինայում մեկամսյա հրադադար հաստատել։ Այս մասին ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը։
Le Figaro-ին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ ինքն ու Սթարմերն առաջարկում են մեկամսյա հրադադար՝ «հրադադար օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքներում»։
Մակրոնը նշել է, որ հրադադարը կլինի առաջին փուլը, իսկ խաղաղության ապահովման համար զորքերի տեղակայումը կլինի ավելի ուշ։
«Առաջիկա շաբաթների ընթացքում ուկրաինական տարածքում եվրոպական զորքեր չեն լինի: Հարցն այն է, թե ինչպես կօգտագործենք այս ժամանակը, որպեսզի փորձենք հասնել հնարավոր հրադադարի՝ բանակցությունների միջոցով, որոնք կտևեն մի քանի շաբաթ, իսկ հետո խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո տեղի կունենա զորքերի տեղակայումը»,- ասել է Մակրոնը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ տեղեկացված է Մակրոնի և Սթարմերի նախաձեռնության մասին։ Հարցին, թե գիտի՞ արդյոք այս ծրագրի մասին, Զելենսկին պատասխանել է. «Ես ամեն ինչ գիտեմ»:
0Comments