Ցուցարարները պահանջում են ընդդիմությունից «չհրաժարվել իրենցից». Արգենտինայում մարդիկ գործադուլ են սկսել ընդդեմ Միլեյի քաղաքականության

Մանրամասներ
արգենտինա

Արգենտինայում սկսվել է աշխատողների համընդհանուր գործադուլը՝ ի պատասխան նախագահ Խավիեր Միլեյի առաջարկած տնտեսական բարեփոխումների։

Այս մասին հայտնում է El País-ը։

Տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել քաղաքի փողոցներ՝ «Երկիրը չի վաճառվում» կարգախոսներով։ Բողոքի ցույցերը մայրաքաղաքում սկսվել են ի պատասխան նոր կառավարության առաջարկած օրենքի, որը պետք է քվեարկվեր Արգենտինայի Կոնգրեսում այս հինգշաբթի։ Հաղորդվում է, որ քվերակությունը հետաձգվել է հաջորդ երեքշաբթի:

Օրինագծի տեքստի համաձայն՝ նախագահը կարող է որոշ որոշումներ ընդունել՝ առանց կոնգրեսականների ձայնը հաշվի առնելու, խնայողության ռեժիմ է մտցվում խոշոր ընկերությունների սեփականաշնորհմամբ և բյուջետային կազմակերպությունների ֆինանսավորման կրճատմամբ։

Ցուցարարները պահանջում են ընդդիմությունից «չհրաժարվել իրենցից» և դեմ քվեարկել նոր նախագահի առաջարկած միջոցառումներին։

Կառավարությունն իր հերթին անտեսում է աշխատողների խնդրանքը։ «Մեզ ոչ ոք անկյուն չի քշելու, առավել ևս 40 հազարանոց երթը։ Նրանք կազմում են ութ միլիոն աշխատողների 0,5 տոկոսը», - ասել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիխը: