Արգենտինայի նախագահը կհանդիպի Հռոմի պապի հետ, որին ավելի վաղ անվանել էր «սատանայի մարդը Երկրի վրա»

Մանրամասներ
Հռոմի պապ

Հռոմի պապն այսօր Վատիկանում կընդունի Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյին, որը նախքան երկրի ղեկավար դառնալը եղել է պոնտիֆիկոսի ամենաբուռն քննադատներից՝ կաթոլիկների հոգևոր առաջնորդին անվանելով «իմբեցիլ», «կոմունիզմ քարոզող բիձա» և «Երկրի վրա սատանայի մարդը»: Այս մասին գրում է Reuters-ը:

Գործակալությունը նկատում է, որ դեկտեմբերին նախագահ դառնալուց հետո Միլեյը զգալի մեղմել է դիրքորոշումը:

Հռոմի պապը, իր հերթին, ընդգծել է, որ շատ ուշադրություն չի դարձնում վիրավորանքներին՝ մեքսիկական N+ հեռուստաընկերությանն ասելով, որ կարևորն այն է, թե ինչ են անում քաղաքական գործիչները պաշտոնը ստանձնելուց հետո, այլ ոչ թե քարոզարշավի ժամանակ:

Արգենտինայի նախագահը, որն ավելի վաղ ասել էր, որ կարող է հուդայականություն ընդունել, իր պատվիրակության հետ կմասնակցի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագին և երկուշաբթի մասնավոր հանդիպում կունենա Ֆրանցիսկոս Պապի հետ: