Հայտնի են «ամենավթարային» երկրները

Ամենաանվտանգ ճանապարհները Կիպրոսում են

Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է ԵՄ երկրներում  ճանապարհատրանսպորտային պատահարների մասին զեկույցը, որի համաձայն առավել հաճախ վթարների են ենթարկվում ավստրիացի վարորդները, իսկ առավել հազվադեպ՝ Դանիայից վարորդները: Զեկույցը հրապարակվել է ԵՀ կայքում:

Զեկույցի համաձայն՝ Ավստրիայում 10 հազար բնակչին բաժին է ընկնում 44 վթար, իսկ Դանիայում՝ ընդամենը 5: Վթարի ենթարկվելու հավանականությունը մեծ է նաեւ Գերմանիայի (37 վթար 10 հազար բնակչին) եւ Բելգիայի (35) ճանապարհներին:

Սլովենիայում, Պորտուգալիայում, Մալթայում եւ Իտալիայում ճանապարհային պատահարների ցուցանիշները ավստրիականից մի փոքր լավ են. այնտեղ 10 հազար բնակչից վթարի է ենթարկվում մոտ 30 վարորդ: Ամենաանվտանգ ճանապարհները Կիպրոսում են (10 հազար բնակչին 7,5 ճանապարհային պատահար) եւ Ֆինլանդիայում (8,5):