
Կապանում Իրանի հյուպատոսության բացումը նպատակ ունի նոր խթան հաղորդել հայ-իրանական հարաբերություններին։ Այս մասին իրանական Icana լրատվական գործակալությանն ասել է Իրանի արտգործնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Այս քայլը, որը կօգնի ամրապնդել Հյուսիս-Հարավ տրանզիտային ճանապարհը, իրականացվել է երկու երկրի միջև՝ մասնավորապես տնտեսական ոլորտում համագործակցությունը զարգացնելու ու ամրապնդելու նպատակով։ Իրանի հյուպատոսն արդեն սկսել է գործունեությունը Կապանում»,- ասել է նա՝ հավելելով, որ Կապանում հյուպատոսության հիմնմամբ «ականատեսն ենք լինելու Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը»։
Սեպտմբերի 30-ին Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին էր հանձնել հյուպատոսական արտոնագիրը։ Միրզոյանը նշել էր, որ Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը կարևոր և խորհրդանշական քայլ է, որը վկայում է Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի հասցնելու երկկողմ պատրաստակամության մասին:
0Comments