Իրանը և Ռուսաստանը քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը և Ռեշտ-Աստարա երթուղին

Մանրամասներ
իրան ռդ դրոշ

«Իրանի երկաթուղիների» (RAI) գլխավոր տնօրեն Ջաբբար Ալի Զաքերին և նրա ռուս գործընկեր Օլեգ Բելոզերովը հայտարարել են Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման գործում համագործակցության ընդլայնման կարևորության մասին, news.am-ի փոխանցմամբ՝ գրում է Mehr-ը։

Տաշքենդում ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցով  81-րդ նիստի շրջանակներում Զաքերին բանակցություններ է վարել Բելոզերովի հետ համագործակցության ամրապնդման և Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացման շուրջ։

Զաքերին ընդգծել է Իրանի և Ռուսաստանի միջև ամուր կապերը՝ ասելով, որ իրենց քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա՝ հավելելով, որ «Իրանական երկաթուղիները» ձգտում են ընդլայնել համագործակցությունը «Ռուսաստանյան երկաթուղիների» հետ։ Նա ընդգծել է Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի վրա կենտրոնանալու կարևորությունը:

Իր հերթին, Բելոզերովը նշել է, որ «Ռուսաստանյան երկաթուղիներ»-ի նպատակներից մեկը «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացումն է, հավելելով, որ արդեն 36 կոնտեյներային գնացք է ուղարկվել Պարսից ծոցի երկրներ՝ այդ ճանապարհով փոխադրումները սկսելու համար։ Բացի այդ, նա անդրադարձել է Հյուսիս-Հարավ միջանցքով նավթի և ածխի փոխադրման խոչընդոտների վերացման խնդրին և ընդգծել համապատասխան տուրքեր սահմանելու անհրաժեշտությունը։

Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ Բելոզերովն ասել է, որ այս նախագիծը առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի համար, և իրենք պատրաստ են համագործակցել ընդհանուր նպատակներին հասնելու համար։