Իրանը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ հստակ դիրքորոշում ունի. ԱԳ փոխնախարար

Մանրամասներ
Մաջիդ Թախտ Ռավանչի

Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին, անդրադառնալով Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի հստակ դիրքորոշմանը, նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է պահպանել իր դիրքորոշումը տարածաշրջանում աշխարհաքաղաքականության անփոփոխության հարցում։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն:

Թախտ Ռավանչիին հինգշաբթի Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, և դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։

Հակոբյանը, շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի քառասունվեցամյակի առթիվ, նշել է, որ Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա հարաբերությունների խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի կառավարության և ժողովրդի համար։  Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։