Երբ մենք լսեցինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջնականացվել է, մենք շատ ուրախացանք, որովհետև երկար տարիներ արյան և թշնամանքից հետո այժմ ժամանակն է, որ երկու երկրները կենտրոնացնեն իրենց ուշադրությունը երկու ազգերի ապագան կառուցելու վրա: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին՝ Regionmonitor.com-ին տված բացառիկ հարցազրույցում:
«Մենք կարծում ենք, որ որքան շուտ նրանք կարողանան ստորագրել այս համաձայնագիրը, այնքան ավելի լավ կլինի թե երկու երկրների, թե տարածաշրջանի համար: Մենք չենք ցանկանում միջամտել նրանց գործերին: Նրանք իրենք պետք է որոշեն, թե ինչ անել, բայց մեր գնահատմամբ, որքան շուտ այս փաստաթուղթը հնարավոր լինի ստորագրել, այնքան ավելի լավ, որովհետև անցյալն անցյալ է:
Մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա: Կան շատ հնարավորություններ, որոնք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար կարող են օգտագործվել: Մենք որպես հարևան երկրներ պատրաստ ենք խթանել երկու ազգերին: Իրանը որպես երկիր, որը բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, պատրաստ ենք անել ամեն բան, որ կարող ենք՝ հեշտացնելու այն աշխատանքը, որը պետք է իրականացվի համաձայնագիր ստորագրելու համար: Կարծում ենք, որ երկու ազգերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը: Այս պահին, երբ փաստաթուղթը պատրաստ է, ավելի լավ է ստորագրել այն և շարժվել դեպի ապագա:
Մենք հույս ունենք, որ այս դրվագը մնացել է անցյալում: Պետք է թույլ չտալ, որ պատերազմի և հակամարտության դրվագը վերադառնա այս տարածաշրջան: Հույս ունենք, որ դա այդպես կլինի»,-ասել է նա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի հնարավորությանը, Իրանի ԱԳ փոխնախարարն ասաց. «Մենք դեմ ենք ցանկացած սահմանային փոփոխության։ Մենք դեմ ենք յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ անհարգանքի։ Մենք դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Ոչ մի նման սցենարի կարիք չկա։
Հարևան երկրները պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունը, և երբ այս սկզբունքը հարգված է, միակ բանը, ինչի վրա իրենք պետք է ուշադրություն դարձնեն, դա դիտարկելն է, թե ինչպես կարող են աշխատել միմյանց հետ։
Հետևաբար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ ապագայում պետք է բացվի ավելի մեծ համագործակցության պատուհան, որովհետև ի վերջո ռազմական լուծումը իրական լուծում չէ, և այդ իսկ պատճառով մենք խրախուսել ենք երկու կողմերին ստորագրել համաձայնագիրը։
Ինչպես ասացի, մենք հույս ունենք, որ նրանք կօգտագործեն այս հնարավորությունը, որովհետև ռազմական հարցերը ժամանակավոր են, այս դարում որևիցե մեկը չի կարող ապավինել ռազմական ուժին՝ մեկ այլ երկրի տարածքները գրավելու համար»:
0Comments