COVID-19 գլոբալ համավարակը վատացրել է մարդկանց առեւտրի հետ կապված իրավիճակը, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մարդկանց առեւտրի մասին ամենամյա հաշվետվությունում, տեղեկացնում է «Голос Америки»-ն։
«Մարդկանց առեւտրի մասին այս տարվա հաշվետվությունն աշխարհին համոզիչ ազդանշան է ուղարկել առ այն, որ գլոբալ ճգնաժամերը, ինչպիսին են COVID-19 համավարակը, կլիմայի փոփոխությունը եւ պահպանվող խտրական քաղաքականությունն ու գործելաոճը, անչափակցելի ազդեցություն են թողնում այն մարդկանց վրա, որոնք արդեն տուժել են անարդարության այլ տեսակներից»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։
«Այդ խնդիրները էլ ավելի են վատթարացնում գոյություն ունեցող խոցելիությունները, որոնք նպաստում են շահագործմանը, ներառյալ մարդկանց առեւտրին»,- ասել է Բլինքենը։
Պետքարտուղարը կոչ է արել մյուս երկրներին միանալ Միացյալ Նահանգներին, որպեսզի բարելավվեն «մեր հավաքական ջանքերը մարդկանց առեւտրի դեմ համակողմանի պայքարում»։
Բլինքենն ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ է պայքար «ընդդեմ այն կործանարար մեթոդների եւ քաղաքականության, որոնք ստեղծում են սոցիալ-տնտեսական կամ քաղաքական խնդիրներ, ինչից հաճախ օգտվում են մարդկանց առեւտրով զբաղվողները»։ Հաշվետվությունում ասվում է, որ COVID-19 համավարակը հանգեցրել է «աննախադեպ հետեւանքների մարդու իրավունքների եւ ամբողջ աշխարհում տնտեսական զարգացման ոլորտում, ներառյալ մարդկանց առեւտուրը»։
«Ողջ աշխարհի կառավարությունները ռեսուրսներ են հատկացրել համավարակի դեմ պայքարին, հաճախ՝ ի վնաս մարդկանց առեւտրի դեմ պայքարի ջանքերի, ինչը հանգեցրել է այդ առեւտրի զոհ դարձած մարդկանց պաշտպանության եւ ծառայությունների մատուցման կրճատման, կանխարգելիչ ջանքերի թուլացման եւ մարդկանց առեւտրով զբաղվողների հետաքննությունների ու դատական հետապնդումների համար խոչընդոտների ստեղծման»,- ասվում է հաշվետվությունում։
Հաշվետվությունում պարզաբանվել է, որ մարդկանց առեւտրի դեմ պայքարին մասնակցող մարդիկ «գտել են ադապտացվելու միջոցներ եւ նոր շփումներ են հաստատել դժվարությունների հաղթահարման համար»։
Որոշ դեպքերում, որոնք հիշատակվում են հաշվետվությունում, Հնդկաստանում եւ Նեպալում աղքատ ընտանիքների աղջիկները թողել են ուսումը դպրոցում, որպեսզի օգնեն իրենց ընտանիքներին համավարակի տնտեսական հետեւանքների պատճառով։ Նրանցից ոմանց, ինչպես ասվում է հաշվետվությունում, փաստորեն վաճառել են՝ ամուսնացնելով փողի դիմաց։
Հաշվետվությունում ներկայացվում են դեպքեր, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Ուրուգվայում, երբ վարձատուները հարկադրել են բնակարանների վարձակալ կանանց, որոնք տուժել են համավարակից, կենակցել իրենց հետ, երբ չեն կարողացվել մուծել վճարը։
Հայիթիում, Նիգերում եւ Մալիում ավազակախմբերը, որոնք աշխատում են տեղահանված մարդկանց ճամբարնեում, օգտագործել են անվտանգության միջոցների թուլացումը, որպեսզի ճամբարների բնակիչներին փողով սեքս հարկադրեն։
«Եթե կա ինչ-որ բան, որի մասին մենք իմացել ենք վերջին մեկ տարում, դա այն է, որ մարդկանց առեւտուրը չի դադարել համավարակի ժամանակ»,- ասվում է պետդեպարտամենտի Մարդկանց առեւտրի դեմ պայքարի եւ մոնիթորինգի վարչության փոխտնօրեն Քարի Ջոնսթոնի հայտարարությունում։
«Վտանգի ենթարկվող մարդկանց աճող թվի, մարդկանց առեւտրով զբաղվողների՝ միաժամանակ տեղի ունեցող ճգնաժամերից եւ համավարակի դեմ պայքարին ռեսուրսներ հատկացնելուց շահ ստանալու կարողության համադրումը հանգեցրել է մարդկանց առեւտրի բարգավաճման եւ զարգացման համար կատարյալ պայմանների ստեղծմանը»,- ասել է Ջոնսթոնը։
0Comments