Դեղին փուփուլավոր կակադուն սովորել է պարել

Նրանք պարզել են, որ երաժշտությանը հարմարվելը զուտ մարդկային հատկանիշ չէ

Մեծ դեղին փուփուլավոր Ձյունիկ կակադուն ինքնուրույն սովորել է 16 շարժում կատարել, որոնք նա հարմարեցնում է երաժշտության ռիթմին, գրում է N+1-ը՝ հղում կատարելով  Current Biology-ին։

Ինչպես տեղեկացնում են նեյրոկենսաբանները, թութակը պարում է ինքնաբուխ եւ նրա պարը հաջորդ անգամներին նույնությամբ չի կրկնվում։

Մեծ դեղին փուփուլավոր կակադուն (Cacatua galerita) ապրում է Ավստրալիայում եւ Օկեանիայի որոշ կղզիներում, ինչպես նաեւ Ինդոնեզիայում։ Այս թռչունները բնակվում են ենթարեւադարձային եւ արեւդարձային անտառներում, բայց հարմարվում են մարդու բնակության վայրերին եւ ապրում են նաեւ քաղաքներում։ Անազատության մեջ կարող են ապրել 70 եւ ավելի տարի։

Էլեոնորա ենթատեսակի կակադուի (Cacatua galerita eleonora) տիրուհին YouTube-ում տեսանյութ է տեղադրել, որտեղ թռչունը ռիթմիկ ճչում է, շարժում ոտքերն ու գլուխը Backstreet Boys-ի «Everybody» հիթի ներքո։ Պարող կակադուն գրավել է Սան Դիեգոյի Նեյրոգիտությունների ինստիտուտի նեյրոկենսաբաններ Անիրուդհա Փաթելի (Aniruddh D. Patel) եւ Ջոն Իվերսենի (John R. Iversen) ուշադրությունը, որոնք հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ Ձյունիկը իսկապես կարող է շարժվել երաժշտության ռիթմով եւ հարմարվել դրա արագացմանը կամ դանդաղելուն։

Նրանք պարզել են, որ երաժշտությանը հարմարվելը զուտ մարդկային հատկանիշ չէ։

Հոդվածի հրապարակումից հետո Ձյունիկի տիրուհին՝ Իրենա Շուլցը (Irena Schulz), նկատել է, որ կակադուն նոր շարժումներ է օգտագործում, որոնք հետազոտության ժամանակ չէր կատարում եւ որոնք նրան ոչ ոք չի սովորեցրել։ Շուլցը պարբերաբար պարել է թութակի հետ, բայց պարելու ժամանակ միայն գլուխն է շարժել ու թափահարել ձեռքերը, այսինքն՝ արել է այն շարժումները, որոնք Ձյունիկն արդեն գիտեր եւ կատարում էր։ Նոր շարժումներն այնքան էլ չէին համապատասխանում երաժշտության ռիթմին, ինչպես նախորդները։

Ձյունիկի նոր շարժումները հաշվարկելու համար Փաթելը եւ նրա գործընկերները Շուլցի օգնությամբ որոշեցին նորից ուսումնասիրել թռչնի շարժումները։ Նրանք տեսանկարեցին կակադուի պարերը Սինդի Լոպերի «Girls Just Wanna Have Fun» երգի եւ Queen-ի «Another One Bites the Dust»-ի տակ։ Մինչ այդ թռչունը չէր պարել այդ երգերի տակ ուրիշ որեւէ մեկի հետ՝ տիրուհուց բացի։ Ամեն երգ հնչեցրել են երեք անգամ, գրում է news.am:

Գիտնականները գրանցել են 14 պարային եւ 2 ավելի բարդ շարժում։ Ի տարբերություն մարդկանց, Ձյունիկը միշտ չէ, որ շարժվում էր, այլ 3-4 վայրկյան։ Տիրուհու անձնական դիտարկումներից ելնելով՝ պարի դրվագները երկարում էին, երբ մարդիկ պարում էին Ձյունիկի հետ, բայց այս ենթադրությունը հետազոտողները պատրաստվում են ստուգել հաջորդ աշխատանքում։