Դիմում եմ ՀՀ նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին. Վլադիմիր Մարտիրոսյան

Մանրամասներ
քպ

ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շատ լավ պատկերացնելով քաղաքականության էության և դրա գրված ու չգրված օրենքների ու բնույթի գունապնակը դիմում եմ ՀՀ նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին որպես քաղաքացի և որպես քաղաքագետ, ով քաղաքական և հանրային գործընթացների մասին իր պատկերացումները ձևավորում է, ոչ թե ստերիոտիպերի, նվիրվածության, քարոզչական նստվածքի և ծավալվող դիսկուրսների ազդեցության արդյունքում, այլ ռեալ , խորքային և անաչառ մասնագիտական դիտակետից:

Ձեր սիներգիան ուներ մեկ անուն՝ Արցախ.

Ձեր քաղաքական կենսագրությունը ուներ մեկ անուն՝ Արցախ.

Ձեր անվտանգային պատկերացումներն ու անվտանգային շահերը ունեին մեկ անուն՝ Արցախ.

Ձեր իշխանության գալու և իշխանությունը թողնելու մոտիվացիաները ունեին մեկ անուն՝ Արցախ.

Ձեր անձնական, քաղաքական, կուսակցական շահերի ստորադասումը ուներ մեկ անուն՝ Արցախ.

Ձեր բնական փոխադարձ քաղաքական մրցակցության կարևորությունը միշտ դարձել է անէական, երբ ձեր գերակայությունը, որի անունն էր Արցախ՝ կար և ամուր էր:

Հիմա, կամուրջներն այրելուց հինգ պակաս

Ձեր տանելի սիներգիան պետք է Հայաստանին:

Ձեր համատեղ կենսագրությունը պետք է Հայաստանին:

Ձեր անվտանգային պատկերացումներն ու փորձը պետք է Հայաստանին:

Ձեր իշխանությունների ինստիտուցիոնալ հիշողությունն ու հաջողությունների պատմությունը պետք է Հայաստանին:

Ձեր իշխանության գալու և այն թողնելու մոտիվացիաների և գերակայություններ ունենալու քաղաքական կուլտուրան պետք է Հայաստանին:

Ձեր անձնական, կուսակցական, քաղաքական շահերի ստորադասումը պետք է Հայաստանին.

Ձեր փոխադարձ քաղաքական մրցակցության կարևորությունը անէական է երբ/եթե ձեր գերակայությունը Հայաստանն է:

Ձեր սիներգիան ոչ թե ընտրական կամ էլեկտորալ հաշվարկի գործոն է ինձ համար, այլ որքան էլ դժվար, բայց անհրաժեշտ քաղաքական երևույթ է, որի նշանակությունն ու արժեքը ավելի մեծ է իր երկարաժամկետ ինստիտուցիոնալ ազդեցությամբ և քաղաքական մշակույթի արմատավորմամբ: Այդ սիներգիան ինձ պետք է այս երկրի ինստիտուցիոնալ հիշողության, գերակայությունների երկաթ բետոնյա հիմքի համար և այդ հիմքերը ինքնամոռաց քանդողների ջրաղացի ջուրը կտրելու համար:

Հավատացեք, որ այս ժողովրդի 80%-ին, ոչ թե հետաքրքրում է, թե դուք կզբաղվեք քաղաքականությամբ, թե ոչ կամ ինչ քաղաքական շահեր ու ամբիցիաներ ունեք, կամ ում նախագահության ժամանակ ով ինչ արդյունքի ու տվյալի է հասել, այլ թե այդ շահերն ու ամբիցիաները հիմա, այսօր հողի վրա, ինչպե՞ս եք ծառայեցնելու հենց այս ժողովրդի 80%-ի շահերին ու նպատակներին:

Ամենայն հարգանքով:

Ձեր հարաբերությունների պատմությունը, շերտերը, ենթատեքստերը, հիերարխիան, կոշտությունը, սկզբունքայինությունը կարող է և հետաքրքրի ձեր աջակիցներին և նվիրյալներին և դառնա ամուր հիմք ձեր մասին իրենց քաղաքական պատկերացումներում և դա բնական է: Այդ հիմքերում հակասությունների և խնդրահարույց բնույթի ծավալը, թե մեծացնողը և թե փոքրացնողը կրկին դուք եք: Այդ ծավալը կրկին և կրկին չի հետաքրքրելու 80%-ին, բայց այդ հակասությունների ծավալից օգտվելու են բացառապես նրանք, ովքեր քանդում են այս պետության ինստիտուցիոնալ հիմքերն ու բնույթը: Արդեն օգտվում են:
Կրկին, Ձեր տանելի սիներգիան ինձ պետք է այս երկրի ինստիտուցիոնալ հիշողության, գերակայությունների երկաթ բետոնյա հիմքի ամրության համար և այդ հիմքերը ինքնամոռաց քանդողների ջրաղացի ջուրը կտրելու համար:

Հարգանքներս.

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վ.Է.Մարտիրոսյան»»: