ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Հայաստանից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք, կազմակերպիչները կալանավորվել են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ Երևանում գործող տուրիստական գործակալություններից մեկի սեփականատեր և տնօրեն Ա.Դ-ն և նույն ընկերության աշխատակից Ե.Խ-ն, նախնական համաձայնությամբ` 3300 եվրո գումարի դիմաց, կեղծ փաստաթուղթ և կեղծ տեղեկություն ներկայացնելով, կազմակերպել են Տավուշի մարզի բնակչուհի Ս.Թ-ի անօրինական միգրացիան:
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Միևնույն ժամանակ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Ա.Դ-ն և Ե.Խ-ն ձերբակալվել են և ներկայացվել նախաքննական մարմին»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 470-րդ հոդվածի (անօրինական միգրացիայի կազմակերպում) 3-րդ մասի 1-ին կետի և 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դրա շրջանակներում Ե.Խ-ն կալանավորվել է, իսկ Ա.Դ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:
Բացի այդ, կալանավորվածների բնակարաններում և աշխատավայրում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ծննդյան վկայականների, անձնագրերի, բանկային փոխանցումների վերաբերյալ քաղվածքների պատճեններ, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, կնիքներ, տարբեր անձանցից գումարներ ստանալու վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետր և այլն:
0Comments