Հյուրանոցների մեծ մասը, որոնց «աստղեր» են շնորհված, գտնվում է Եվրոպայում, գրեթե քառորդ մասը՝ Ասիայում, մնացածները՝ մյուս մայրցամաքներում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)՝ վկայակոչելով BoldData ընկերությանը:
Հյուրանոցային բիզնեսի տվյալների վերլուծության բնագավառում մասնագիտացած հետազոտական ընկերության մասնագետները հավաքել եւ ուսումնասիրել են ամրագրման միջազգային հարթակների եւ հյուրանոցային ագրեգատորների տեղեկատվությունն այն մասին, թե որտեղ են գտնվում այն հյուրանոցները, որոնց շնորհված են որոշակի քանակությամբ «աստղեր»:
Պարզվել է, որ այժմ աշխարհում կա 1 մլն 73 հազար 500 տեղավորման օբյեկտ, որոնցից 402 հազար 933-ն դասակարգված հյուրանոցներն են՝ «աստղերի» շնորհմամբ: Դրանց կեսից ավելին (50,7 տոկոսը), տեղաբաշխված է Եվրոպայում, եւս 23,2 տոկոսը՝ Ասիայում, 12,9 տոկոսը՝ Հյուսիսային Ամերիկայում, 6 տոկոսից փոքր-ինչ ավելին՝ Կենտրոնական եւ Հարավային Ամերիկաներում եւ Կարիբներում, 3,8 տոկոսը՝ Աֆրիկայում, 3,3 տոկոսը՝ Ավստրալիայում եւ Օվկիանիայում:
Եվրոպայում պատրաստ են զբոսաշրջիկների ընդունել մոտավորապես 660 հազար հյուրանոցներ, հոսթելներ, պաշտոնապես գրանցված հարկաբաժիններ եւ տեղավորման այլ միջոցներ, բայց դրանց մեկ երրորդից պակաս մասին են «աստղեր» շնորհվել:
Եվրոպայում «աստղավոր» հյուրանոցների թվաքանակով առաջատարը Իտալիան է (32 հազար 803): Երկրորդ տեղում Խորվաթիան է (29 հազար 282): Երրորդ, չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում տեղավորվել են Ֆրանսիան (18 հազար 865), Գերմանիան (17 հազար 616) եւ Մեծ Բրիտանիան (14 հազար 497): Վեցերորդ տեղում Իսպանիան է (13 հազար 990), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
0Comments