Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է` ովքեր կմասնակցեն Գյումրու քաղաքապետի նախնական ընտրություններին։
Նա նշել է, որ համապատասխան որոշումը դեկտեմբերի 3–ին կայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածուներ են Լևոն Անանյանը, Դավիթ Առուշանյանը, Շավարշ Արամյանը, Էմմա Բարսեղյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը և Կարեն Սարուխանյանը։
«Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,–գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։
Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։
0Comments