Հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման արդյունքում Իրանը ոչնչացրել է Իսրայելի ռազմաօդային ուժերին պատկանող զգալի քանակության F-35 կործանիչ-ռմբակոծիչներ: Այդ մասին Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական, բրիգադի գեներալ Էբրահիմ Ջաբարին:
«Իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցել են իսրայելական կարևոր բազաները և F-35 կործանիչների անգարները՝ ոչնչացնելով զգալի թվով ինքնաթիռներ»,- նշել է նա՝ հավելելով, որ արձակված իրանական հրթիռների 90 տոկոսը հասել է նշանակետին։
Ըստ Ջաբարիի, դրան նպաստել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերի դեմ իրականացված կիբերանվտանգության և ռադիոէլեկտրոնային պայքարի գործողությունները, որոնք հրթիռային հարվածին զուգահեռ կատարել է ԻՀՊԿ-ն:
Հոկտեմբերի 1-ին «Ճշմարիտ խոստում 2» գործողության շրջանակներում ԻՀՊԿ-ն մեծ քանակությամբ հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ հարմար պահին կպատասխանեն այդ հարձակմանը:
0Comments