Տրամաբանական կլիներ ակնկալել, որ սկզբում պետք է կանոնակարգը հաստատվի, նոր սահմանազատում լինի. Այլապես եթե հնարավոր է առանց կանոնակարգի սահմանազատում անել՝ արեք, էլ ինչու եք մշակել կանոնակարգն ու ուղարկել ՍԴ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցում պատասխանի ժամանակ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Մարտի 6-ին դուք հայտարարեցիք, որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը: Այժմ ոչ դուք, ոչ կառավարության որեւէ անդամ, ոչ էլ Ադրբեջանի որեւէ պաշտոնյա այս պնդումը չի հերքել: Մարտի 7-ին ասում եք, որ սահմանազատման հանձնաժողովները քննարկել են միջպետական սահմանազատման հարցերով կանոնակարգի համաձայնությունը:
Ավելի ուշ արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ հանձնաժողովների հանդիպման արդյունքում կայացված հաղորդագրությամբ նշված 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է, մինչեւ սահմանազատման գործընթացի ավարտը: Խնդրում եմ՝ հստակեցնել՝ ինչքանո՞վ է նախնական: Նախնականի ու վերջնականի միջեւ ինչքան ժամանակ եք նախատեսում: բա եթե նախնական է, ի՞նչ իմաստ ուներ սյուներ տնկել ու պատ կառուցել»,-ասաց նա:
Ի պատասխան Մհեր Գրիգորյանն ասաց. «Այո, կանոնակարգի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ բոլոր արձանագրություն-նկարագրությունները դառնալու են մեկ արձանագրություն-նկարագրությունը եւ դառնալու են պետական սահմանի մասին կնքվելիք պայմանագրի անբաժանելի մաս»:
Արթուր Խաչատրյանը նկատեց, որ եթե համաձայնությունը նախնական է, նշանակում է՝ փոփոխման ենթակա է, այդ դեպքում ինչու են սյուներ դրվել. «Որքանով է ճիշտ պատ կառուցել, հետո այդ պատը քանդել»,-ասաց նա:
Փոխվարչապետն արձագանքեց. «Դա տեխնիկայի հարց է նախեւառաջ: Հիմա եթե այնտեղի բնակիչներն իրենց ավելի լավ կզգան, որլինի պետոնից պատ, եւ եթե նախնական է, ապա այո, պետք է լինի բետոնից պատ: Եթե կուզեք իրավական բաղադրիչի մասին խոսել, ես հիմա մեկնաբանություն չէի ուզի տալ, որովհետեւ հարցը ՍԴ-ում է: Գնահատականը բոլորիս հասանելի կլինի»:
0Comments