Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հուլիսի 11-ին բավականին ուշագրավ մի բան է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես արդեն հայտնի է, հերթական անգամ մարզ էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Տարբեր երկրների դեսպաններ Սյունիքի մարզ այցելում են պարբերաբար: Այստեղ ուշագրավն այն էր, որ դեսպանը այցի ընթացքում դիտարկել էր նաև հայ-ադրբեջանական սահմանը, և այս հանգամանքը ուշադրության է արժանի նրանով, որ անմիջապես հաջորդել էր Վաշինգտոնում եռակողմ հանդիպմանը:
Սրան սակայն անդրադարձել եմ նախօրեին:
Հուլիսի 11-ին տեղի ունեցած հանգամանքը, որի վրա ուշադրություն եմ հրավիրում այս գրառումով, մարզում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած պաշտոնական ընդունելությունն է՝ ԱՄՆ անկախության տարեդարձի առիթով, որի օրն ինչպես հայտնի է հուլիսի 4-ն է: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը առաջին անգամ այդ առիթով տոնական պաշտոնական ընդունելություն է կազմկերպում Երևանից դուրս և դա անում է Կապանում:
Սա հարց է առաջացնում, թե արդյո՞ք ԱՄՆ այդ կերպ սկիզբ է դնում իր անկախության տոնի առիթով պաշտոնական ընդունելությունները Երևանից բացի նաև մարզերում կազմակերպելու որևէ նոր ավանդույթի, թե՞ Կապանում կազմակերպված տոնական ընդունելությունը Սյունիքի հանդեպ վերաբերմունքի ընդգծման վկայություն է:
Եվ այստեղ կարող է առաջ գալ մեկ այլ հարց: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ բարձրաձայնի Կապանում Գլխավոր հյուպատոսություն հիմնելու մտադրության մասին: Ինչպես գիտենք, Կապանում արդեն գործում է Իրանի գլխավոր հյուպատոսություն, այդպիսին բացելու մտադրություն են հայտնել նաև Ռուսաստանն ու Ֆրանսիան: Ռուսաստանի դեպքում օրեր առաջ հայտնել էին մինչև տարեվերջ բացելու ակնկալիք, իսկ Ֆրանսիայի պարագայում պարզ չէ, թե ինչ ընթացքում է հարցը:
ԱՄՆ կհայտնի՞ Կապանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու մտադրության մասին, դառնալով փաստորեն չորորդը»:
Ի դեպ, այդ առնչությամբ, դեռեւս նախորդ տարի Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Իրանից, Ռուսաստանից ու Ֆրանսիայից բացի այլ երկրներ էլ կան, որ մտածում են այդ ուղղությամբ։
0Comments