Հայաստանի ամենամեծ ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունը, որով հպարտանում էին բոլորը, կասեցվել է։ Այս մասին «SYUNIK TV» մարզային հեռուստաալիքի հարցազրույցում ասել է ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Geopromining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։
Ըստ նրա՝ խոսքն, ըստ էության, Հայաստանի ամենախոշոր հարկատուի մասին է, որն իրականում ձեւավորում է երկրի պետական բյուջեն։ «Ամբողջ համայնքի եւ 4 600 հոգանոց կոլեկտիվի կյանքը կախված է նրա գործունեությունից», - ասել է Խուդոլիյը:
Նա նշել է, որ ԶՊՄԿ գործունեությունը դադարեցվել է մի խումբ անձանց գործողությունների պատճառով։ Սակայն ձեռնարկության տնօրենն անհիմն է համարել նրանց փաստարկները։
«Այն, որ կոմբինատի վրա ցանկացած ճնշում պայմանավորված է նրա հսկայական կարեւորությամբ, ակնհայտ է բոլորի համար։ Ակնհայտ է, որ տարբեր ուժեր ցանկանում են ստեղծված իրավիճակն օգտագործել իրենց անձնական շահերի համար։ Սրանք ուժեր են, որոնք ցանկանում են իրենց վերահսկողությունը հաստատել կոմբինատի վրա»,- ընդգծել է Խուդոլիյը։
Նրա խոսքով՝ վերջին երեք տարիների ընթացքում ձեռնարկության ղեկավարությունը եւ թիմը հսկայական աշխատանք են կատարել։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է արտադրության արդիականացմանը, նոր սարքավորումների ձեռքբերմանը, արտադրության ավելացման ռազմավարություններին, կառավարման համակարգերին, հոսքագծերին եւ այլն։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 11-րդ օրն է պարապուրդի է մատնված։ Գործադուլ հայտարարած ԶՊՄԿ 700 աշխատակիցները պահանջում են աշխատավարձի արժանապատիվ բարձրացում՝ անընդունելի համարելով ղեկավարության առաջարկները։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) Հայաստանի ամենամեծ հարկատուն է 2024թ. արդյունքներով։
0Comments