Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակել Արցախյան կարգավորման վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր պաշտոնական առաջարկներն և Հայաստանի պաշտոնական պատասխանները դրանց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք մտահոգվելու բան չունենք, և կարծում եմ՝ 1-ին և 2-րդ նախագաներն էլ մտահոգվելու ոչինչ չունեն, որովհետև բոլոր նախագահների օրոք Արցախը եղել է հայկական և փաստացի անկախ»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը հիշեցրեց, որ ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2022 թվականի ապրիլի 23-ին՝ ճեպազրույցի ժամանակ է դեռ լրագրողներին առաջարկել Նիկոլ Փաշինյանից պահանջել հրապարակել, թե 2019 թվականի ապրիլ–հունիս ամիսներին Մինսկի խմբի համանախագահներն ինչ պաշտոնական առաջարկ են արել Փաշինյանին։
«Նիկոլ Փաշինյանը ծպտուն չհանեց։ Այն ժամանակ մենք չէինք հայտարարում և պահանջում, որ ամբողջ բանակցային փաթեթը հրապարակվի, քանի որ ԼՂ–ի գործընթաց գոյություն ուներ, և Մինսկի խմբի համանախագահության պահանջ Ադրբեջանն ու Հայաստանը միասին չէին ներկայացնում»,– ասաց նա։
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ փաստաթղթերը հրապարակելու՝ նախագահների գրասենյակներին ուղղված կոչին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դա պետական գաղտնիք է, և նախագաների գրասենյակները չունեն փաստաթղթերը հրապարակելու լիազորություն։
Անդրադառնալով ԱՄՆ պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերին, որոնցում հիշատակում կա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման շուրջ քննարկումների մասին, Շարմազանովն ասաց. «Ասում է՝ Քոչարյանը Մեղրին տալիս էր։ Քոչարյանը Մեղրին տալիս էր, Ադրբեջանն էլ չէ՞ր վերցնում։ Ռոբերտ Քոչարյանի բանակցային ժառանգության արդյունքը Մադրիդյան փաստաթուղթն է, որի տրամաբանական ժառանգությունն էլ Կազանյան փաստաթուղթն է։ Էդ ո՞նց եղավ, երեք նախագաները տալիս էին. Ալիևը չէր վերցնում, Նիկոլը չէր տալիս, վերցրեց»։
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը ռեպորտաժ էր պատրաստել ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերի վերաբերյալ, որոնցից պարզ էր դառնում, որ 90-ականների վերջին Հայաստան–Ադրբեջան բանակցությունների օրակարգում եղել է տարածքների փոխանակման տարբերակը։ Դիվանագետների նամակագրությունում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների հանդիպմանը Մեղրին Լեռնային Ղարաբաղի դիմաց փոխանակելու շուրջ համաձայնության են եկել։ Դրանից հետո, սակայն, Ռոբերտ Քոչարյանը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է այդ ծրագիրն իրականացնելուց։
0Comments