Հրապարակեք փաստաթղթերը. Քոչարյանի գրասենյակը` Մեղրիի տարբերակի և «գաղտնազերծման» մասին

Մանրամասներ
ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը ղարաբաղյան հակամարտության կարգավորման տխրահռչակ «Մեղրիի փոխանակման տարբերակի» մասին, որը շրջանառվում էր 90-ականների վերջին և իբր քննարկվում էր Քոչարյանի կողմից պետության ղեկավար եղած ժամանակ։

ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա պատրաստված հրապարակման էությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները 1999 թվականին դիտարկել են Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը: Այդպիսով իբրև թե ԼՂ–ն միանում էր Հայաստանին, իսկ Մեղրին` հանձնվում Ադրբեջանին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Sputnik Արմենիային տված մեկնաբանությունում ասաց, որ նշված ռադիոկայանի ռեպորտաժում որևէ սենսացիա չկա, դա միջին մակարդակի քարոզչական նյութ է։ Միկոյանը միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որպես «Մեղրին տալու» տարբերակի ապացույց բերվում են միայն ադրբեջանցի, թուրք և ամերիկացի դիվանագետների նամակագրության հատվածներ, որոնք լի են սուբյեկտիվ կռահումներով և ընկալումներով։

Փոխարենը նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը ուշադրություն հրավիրեց մեկ այլ փաստաթղթի վրա, որը կողմերին առաջարկվել էր 2001 թվականին Քի Վեսթում։ Եթե 1999 թվականին Հեյդար Ալիևն առաջարկում էր Մեղրին փոխանակել Ղարաբաղի հետ, ապա արդեն 2001 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական փաստաթղթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։

Նա ընդգծեց` այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։ Ըստ Միկոյանի` այդ ահռելի տրասֆորմացիան տեղի է ունեցել ամենօրյա դիվանագիտական ջանքերի շնորհիվ, առանց շոուների և պոպուլիստական զեղումների։

«Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինանսավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր, և որը, այո՛, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են, թե՛ պատրաստ են եղել ստորագրել»,– հայտնեց Միկոյանը։

Նա վստահ է` այդ փաստաթղի հրապարակայնացումից և հանրության դատին հանձնելուց հետո, «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի։

Քոչարյանի ներկայացուցիչը նաև առաջարկեց հրապարակել հակամարտության կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արված բոլոր պաշտոնական պատասխանները։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականի դեկտեմբերին կայացած ասուլիսի ժամանակ պատմել էր Քի Վեսթի բանակցությունների մասին։ Նա նշել էր, որ Հեյդար Ալիևը վերջին պահին հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը՝ իր երկրի ներսում անխուսափելի հասարակական ճնշման պատճառով: