Եվրոպական միության (ԵՄ) երկրները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո պետք է սթափվեն ռազմական անմտությունից։ Այսպիսի կարծիք է հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն սոցիալական ցանցերից մեկում իր էջում։
«Եվրամիությանը ոչ ոք չի զանգել։ Եվրոպական խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի նախագահին ոչ ոք չի զանգել: ԵՄ-ն պետք է արագ սթափվի ռազմական անմտությունից և արդեն հասկանա, որ գոյատևելու համար պետք է անկախ լինել տեսակետների և դիրքորոշումների հարցում: Հակառակ դեպքում հանրույթը շարժվելու է դեպի խորը ճգնաժամ»,-նշել է Սլովակիայի կառավարության ղեկավարը։
Ֆիցոն նշել է, որ Պուտինի հետ մեկուկես ժամ տևած զրույցից հետո Սպիտակ տան ղեկավարը «առնվազն» զանգահարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն և տեղեկացրել նրան, որ իրեն այնպիսի մի աներևակայելի բան է սպասվում, ինչպիսին ժողովրդավարական ընտրություններն են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփի և Պուտինի միջև փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցը վախեցրել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքին և մի շարք այլ եվրոպական խոշոր քաղաքական գործիչների: Politico պարբերականի տվյալներով` ԵՄ պաշտոնյաներն ապշած են այդ հեռախոսազրույցի փաստից, քանի որ այն հարցականի տակ է դնում Ուկրաինային առավելագույն ռազմական և տնտեսական օգնության` նրանց ամբողջ ռազմավարությունը:
0Comments