Պահանջում եմ Փաշինյանից՝ հրապարակել 1994-ից սկսած պաշտոնական բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները. Շարմազանով

Մանրամասներ
հհկ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյան, հերթական անգամ ՀՀԿ-ի անունից պահանջում եմ հրապարակել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։

Փաշինյանն ինքն իրեն անկյուն է մտցրել։

Մեկ ասում է՝ թող նախկին ղեկավարները գան բանավեճի։

Մեկ հրաժարվում է Աշոտյանի ու Օսկանյանի հետ բանավեճից։

Մեկ ասում է՝ բանավիճելու բան չունեմ։

ՀՀԿ-ն մի քանի անգամ պահանջել է նրանից հրապարակել բոլոր փաստաթղթերը։

Ավելին՝ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 2022-ի ապրիլի 23-ին լրագրողներին առաջխրկել է պահանջել Նիկոլից հրապարակել 2019-ին ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից իրեն առաջարկված փաթեթը։

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդվածով անդրադարձավ այս թեմային ու հորդորեց Փաշինյանին հրապարակել ԵԱՀԿ ՄԽ կողմից ներկայացված բոլոր պաշտոնական առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։

ՀՀ առաջին նախագահի անունից ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը մի քանի անգամ պահանջեց հրապարակել բոլոր փաստաթղթերը։

Նման առաջարկ արվեց նաեւ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։

Նիկոլը դա չարեց։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի անունից ես պահանջել ու պահանջում եմ Փաշինյանից հրապարակել 1994-ից սկսած պաշտոնական բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։

Թող հրապարակի, որ հասարակությունը համոզվի ,թե ինքը ինչպես է բերել պատերազմ ու հանձնել Արցախը։

Սա է մեր պահանջը, Նիկոլ։

Հրապարակայնացրու բոլոր փաստաթղթերը։

Մնացածը զավզակություն է»։