Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով:
Խորհուրդը հայտնում է, որ հայցը ներկայացվել է ֆրանսիացի փաստաբան Սևագ Թորոսյանի միջոցով, որը Փարիզի փաստաբանների կոլեգիայի և ՄՔԴ-ին առընթեր փաստաբանական պալատի անդամ է:
Փաստաթղթում ընդգծվում է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը հանգեցրել են 120 000 հայերի բռնի տեղահանման և նրանց դարավոր մշակութային ժառանգության կորստի:
Ավելի վաղ ՄՔԴ առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ այդ իրադարձությունները որակել էին որպես ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ և պատերազմական հանցագործություններ:
Խորհուրդը պահանջում է, որ ՄՔԴ դատախազը, Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածի համաձայն, ձեռնարկի հետևյալ քայլերը.
Ճանաչել 2020-2023թթ.ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված հանցագործությունների քննությունը սկսելու համար բավարար հիմքերի առկայությունը:
Դատարանի նախնական պալատ ուղարկել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ՄՔԴ տարածքային իրավասության հարցը:
Իլհամ Ալիևի, ինչպես նաև 2020-2023 թվականներին Լեռնային Ղարաբաղում կատարված հանցագործություններին բոլոր մեղսակիցների ձերբակալման միջազգային օրդեր տալ։
CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանն ավելի վաղ կոչ էին արել Ֆրանսիայի կառավարությանը դիմել ՄՔԴ, սակայն, նրանց խոսքով, Արևմուտքը մինչև հիմա վճռականություն չի ցուցաբերել:
«1915 թվականից ի վեր սա արդեն երկրորդ անգամն է, երբ հայերը բախվում են արդարադատության այսօրինակ մերժման։ Նման իրավիճակն անթույլատրելի է», - ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
CCAF-ում ընդգծել են, որ Միջազգային քրեական դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել ցեղասպանություն իրականացնող առաջնորդներին և կանխել դրա ժխտման ցանկացած փորձ:
Հիշեցնենք, որ վավերացնելով Հռոմի կանոնադրությունը,2024 թվականի փետրվարի 1-ին Հայաստանը դարձավ ՄՔԴ լիիրավ անդամ։ Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ ՄՔԴ-ին անդամակցությունը Երևանին թույլ կտա դատարանում հարցեր բարձրացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների, այդ թվում ՝ 2021-2022 թվականներին նրա տարածք ներխուժման վերաբերյալ։
Նշենք, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ հնարավոր է համարում միջազգային հայցերի փոխադարձ հետկանչը:
2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի երկու չհամաձայնեցված կետերից մեկը վերաբերում է միջազգային դատական ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարվելուն։
0Comments