Եղած ռիսկերն ավելի ռիսկային չեն դառնում․ Փաշինյանը՝ եվրաինտեգրման օրինագծի մասին

Մանրամասներ
նիկոլ

Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը լիարժեք համապատասխանում է կառավարության որդեգրած բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանին։

«Մենք շատ ռիսկեր ունենք, բայց սա որևէ ռիսկ ավելի ռիսկային չի դարձնում, այլ շատ ռիսկեր դարձնում է ավելի կառավարելի, քան նախկինում․․․ Երկագունդն ամենավտանգավոր վայրն է, որտեղ կարելի է գտնվել, բայց մյուս կողմից` քայլ-քայլ պետք է կարողանանք բալանսների մեջ ապահովել նաև կայունություն»,- ասաց Փաշինյանը՝ արձագանքելով պատգամավորի հարցին, թե արդյոք օրինագիծն ունի՞ ռիսկեր Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վատացնելու համատեքստում։

Փաշինյանի կարծիքով՝ երբ այս օրենքն ամբողջապես ուժի մեջ մտած լինի, ժողովրդին առաջարկած կլինեն «արտաքին հարաբերությունների ամբողջական մենյու» ։ Վարչապետը միաժամանակ ընդգծում է, որ պետք է հասարակության մոտ ճիշտ սպասումներ ձևավորել։

«Մենք պետք է ճիշտ սպասումներ ձևավորվենք, որ մարդիկ չմտածեն, թե վերջ, մենք դարձանք ԵՄ անդամ կամ անդամության թեկնածու։ Սա կարևոր քայլ է, որ ՀՀ ժողովրդի առաջ ընտրության շատ լայն հնարավորություն դնենք, և ինքներս էլ մեր ունեցած ընտրությունների միջև բովանդակային քննարկում ունենաք»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա վստահ է, որ օրենքը կարևոր բաղադրիչ է նաև անվտանգային առումով։

Հիշեցնենք` 2024թ–ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԿԸՀ–ն բավարարել է 51 անձից բաղկացած քաղաքացիական նախաձեռնության գրանցման որոշումը, որը պատրաստվում էր Եվրոպական միության անդամակցության հարցով Հայաստանում ստորագրահավաք անցկացնել։

Արևմտամետ քաղաքական գործիչներին ու հասարակական գործիչներին միավորող նախաձեռնող խումբը հոկտեմբերի 25-ին հայտարարեց, որ հավաքել է 60 հազար ստորագրություն (օրենքով պահանջվող 50 հազարի փոխարեն)։ Նոյեմբերի 19-ին ԿԸՀ–ն հայտնեց, որ ստորագրությունների ստուգման գործընթաց է սկսել, իսկ դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ստորագրություններից 52 351–ը վավեր են։

2025թ. հունվարի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագծին և այն ուղարկեց խորհրդարան:

ՀՀ Ազգային ժողովն այսօր` փետվարի 12–ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքը։