Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը:
«Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, այսօր լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցը: Այդ ահաբեկչությունը հարձակում էր Հայաստանի Հանրապետության, նրա ինքնիշխանության և անկախության, ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ:
Այդ օրն Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Խորհրդարան ներխուժած ահաբեկչական խումբն ինքնաձիգերով սպանեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, Օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանին, Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին»,-ասել է կառավարության ղեկավարը:
Կառավարության նիստում հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծին:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զեկուցմամբ, օրենքի նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ, որն անվանվելու է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր: Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո, կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայության ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար ստանալու իրավունք: Պաշտպանության նախարարի ներկայացմամբ, պատվովճարի չափը նախատեսում է սահմանել 5 մլն դրամ, որը տնօրինվում է ազատորեն: Պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման օրենքով սահմանված կարգով և դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը: Միաժամանակ, պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրային զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինվորական ծառայության ժամկետում և զինծառայողն ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած մասը: Ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023թ. հունվարին:
Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս նախագիծը Զինված ուժերի, բանակի բարեփոխումների փաթեթի մաս է, և ըստ էության, ի՞նչ է ասվում սրանով. ժամկետային զինվորական ծառայություն անցած զինվորները վեց ամիս ծառայություն անցնելուց հետո կարող են անցնել պայմանագրային զինծառայության, այսինքն՝ ծառայեն, աշխատավարձ ստանան՝ այն պայմանով, որ իրենք արդեն պայմանագրային զինծառայող կդառնան և իրենց հետ պայմանագրի ժամկետը կսահմանվի 5 տարի: Սա մի առանձնահատկություն է:
Հաջորդ առանձնահատկությունն այն, է, որ նրանք կմտնեն ատեստավորման հիմա գործարկվող կանոնի մեջ, այսինքն՝ մինչև ատեստավորումը կծառայեն հին աշխատավարձի դրույքներով, իսկ ատեստավորումից հետո արդեն՝ կրկնապատկված դրույքներով: Այնտեղ, իհարկե, որոշակի մեխանիզմներ կան, որ եթե պայմանագրային զինծառայության անցնելուց հետո, երեք ամսվա ընթացքում ատեստավորում անցնի, նախորդ երեք ամիսների աշխատավարձերը կվճարվեն արդեն բարձրացված դրույքով, իսկ հետագայում արդեն՝ ատեստավորման պահից սկսած:
Հաջորդ մեխանիզմը նրա համար է, որպեսզի այնպես չլինի, որ մարդիկ երկու տարի, այսինքն՝ վեց ամիս պլյուս 1 տարի վեց ամիս ծառայեն, հետո ասեն խզում ենք պայմանագիրը, դրա համար խզելու դեպքում այդ երկու տարվա ծառայությունը կլրացնեն և կզորացրվեն:
Ուզում եմ ընդգծել, որ սա պրոֆեսիոնալ բանակի անցման քայլերից մեկն է, որովհետև հիմա այս փուլում այն ժամկետայինները, ովքեր կուզենան անցում կատարել պրոֆեսիոնալ ծառայության, առնվազն 5 տարվա այդ հնարավորությունն օրենքի այս փոփոխությունը կապահովի»:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» ծրագրին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է. «Չեմ շտապի այս պահին գնահատական տալ և ասել, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը չի շարունակվի, բայց ինչպես մենք մեր համատեղ քննարկումների ժամանակ արձանագրել ենք՝ կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու բազմաթիվ խնդիրներ, որոնք նաև մեր իրավապահ գործընկերների ուշադրության կենտրոնում պետք է լինեն, բայց նաև քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին միանգամից հրաժարվելը նպատակահարմար դեռևս չենք համարում, բայց թեման քննարկելի է և կարելի է այն լավարկել, բարելավել»:
Վարչապետը նշել է, որ այդ թեմայի հետ կապված կոնցեպտուալ խնդիրներ էլ կան. «Խորհրդակցությունների ժամանակ մենք բազմիցս այդ խնդրին անդրադարձել ենք: Այսպիսի մի միտք շատ կարևոր եմ համարում. ընդհանրապես ցանկացած երկրում սպայական դասը, սպայական խավը պետության կարևորագույն հենասյուններից մեկն է, և մենք օբյեկտիվ, իհարկե, հանգամանքների բերումով այսօր մեր սպայակազմի մեջ ունենք բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց առաջին մասնագիտությամբ մանկավարժ են, գիտնական են, ինժեներ են, և բոլորիս հայտնի հանգամանքների բերումով նրանք դարձել են սպաներ: Սա, իհարկե, մեզ հայտնի հանգամանքներում՝ անկախության առաջին տարիներին հասկանալի և ընդունելի գործընթաց էր, բայց կարծում եմ, 30 տարվա արդյունքներով նման իրադրությունը, նման քաղաքականությունը շարունակելը պրոբլեմատիկ է»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, օբյեկտիվ կարիքներից ելնելով, շատ դեպքերում լուծումներ են տրվում, որպեսզի այդ պահի խնդիրը լուծվի, սակայն ռազմավարական խնդիրն է բաց թողնվում: Վարչապետը նաև հավելել է, որ բուհական համակարգի փոփոխությունների համատեքստում քննարկվում է, որ պետք է Հայաստանում սպայական կրթական հաստատություն լինի, որը սովորական բուհերից կտարբերվի, չի լինի ուղղակի բակալավրիատ, այլ սովորական սպա պատրաստող ուսումնական հաստատություն կլինի: «Սա շատ լուրջ և խորքային խնդիր է, հայեցակարգային խնդիր է, և պետության կայացման ու պետության ինստիտուտների և պետականակենտրոն դասի խավերի, եթե կարելի է այդպես ասել, ձևավորման խնդիր է: Այստեղ մենք պետք է լրջորեն մտածենք»,- նշել է վարչապետը և հավելել, որ այս թեմայով երեկ կայացած խորհրդակցության ժամանակ դրա հետ կապված կոնկրետ հանձնարարական է տվել, որպեսզի այս չափազանց կարևոր և նուրբ թեմայի շուրջ լուրջ քննարկումներ տեղի ունենան և հնարավոր լինի ճշգրիտ որոշումներ կայացնել:
0Comments