Ֆիդանը հայտնել է հակամարտությունների ֆոնին Տրանսկասպյան միջանցքի նշանակության աճի մասին

Մանրամասներ
Հաքան Ֆիդան

Միջին (Տրանսկասպյան) միջանցքի նշանակությունը Ուկրաինայի եւ Գազայի հատվածի հակամարտությունների ֆոնին մեծանում է։ Ավելանում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կարեւորությունը, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Միջին միջանցքի նախագիծը ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում այն պայմաններում, երբ շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ հակամարտությունը Գազայում ազդում է Կարմիր ծովի վրա, եւ մեծանում են աշխարհաքաղաքական ռիսկերը»,- նրա խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։

Ըստ Ֆիդանի՝ Միջին միջանցքը ապահովում է անխափան եւ ավելի արագ հասանելիություն Սեւ եւ Միջերկրական ծովի ջրավազաններ, ինչպես նաեւ Եվրոպա եւ Աֆրիկա։ Նա հիշեցրել է, որ 2015թ. Չինաստանի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր համագործակցության ընդլայնման վերաբերյալ, եւ ընդգծել է սիներգիայի ստեղծման անհրաժեշտությունը Միջին միջանցքի եւ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջեւ։

Միջին միջանցքի շնորհիվ, ասել է Ֆիդանը, ցամաքային երթուղին Եվրոպայի եւ Ասիայի միջեւ կկրճատվի 2 հազար կիլոմետրով, իսկ ծովայինը՝ 15 օրով։

Միջին միջազգային տրանսպորտային երթուղին անցնում է Չինաստանից Ղազախստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի երկրներով դեպի Եվրոպայի երկրներ։ Փոխադրումներում գործադրվում են երկաթուղային եւ ծովային (Կասպից ծովով) երթուղիներ։ Երթուղու երկարությունը 11 հազար կիլոմետր է, թողունակությունը՝ 4,5 մլն-ից մինչեւ 27 մլն տոննա տարեկան։