«Մեղադրանքները անհիմն են և արատավորում են ընկերության, նրա հիմնադրի և աշխատակիցների բարի համբավը»․ «Սիներջի»

Մանրամասներ
սիներջի

«Սիներջի» ընկերության հայաստանյան մասնաճյուղը հայտարարություն է տարածել․

««Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության ՀՀ մասնաճյուղը հերքում է ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և երկու աշխատակիցների մասին ԶԼՄ-ներում տեղ գտած մեղադրանքները, որոնք անհիմն են և արատավորում են ընկերության, նրա հիմնադրի և աշխատակիցների բարի համբավը։

Այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի ընկերությունը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի մոտ ապագայում։ Հորդորում ենք հարգել մարդկանց անմեղության կանխավարկածը և զերծ մնալ չստուգված անհիմն պիտակավորումներից»,- ասված է հայտարարության մեջ։

Կազմակերպությունը համագործակցել է Էկոնոմիկայի նախարարության հետ, որտեղ էլ երեկ ձերբակալություններ ու խուզարկություններ էին ընթանում։

Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջին» էլ չի հաղթել: Բայց ավելի ուշ տենդերը տվել են «Սիներջի»-ին։

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները։

Ձերբակալվել է 7 անձ, այդ թվում էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։