ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սույն թվականի օգոստոսի 22-ին դադարեցրեց Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։
Մինչ այդ՝ սույն թվականի օգոստոսի 4-ին ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն էին իրականացրել վերոնշյալ հասցեում շահագործվող բենզալցակայանում։
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին «հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար»:
«Ուստի՝ ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից որոշում էր կայացվել՝ դադարեցնել Երևանի Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկ հասցեում գտնվող բենզալցակայանի շահագործումը»,- հայտնել է տեսչական մարմինը։
0Comments