«Flyone Armenia» ընկերությունը ստացել է Ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի նույնականացման ծածկագրերը։ Դրանք թույլ են տալիս վաճառքի, սպասարկման գործընթացներ իրականացնել անվտանգ, հարմարավետ միջազգային օդային փոխադրումների համար՝ ICAO-ի և IATA-ի սահմանած ստանդարտներին համապատասխան:
Ընկերության տնօրեն Միրչա Մալեկան նշել է, որ ծածկագրերը ձեռք բերելուց հետո ավելի են մոտենում իրենց նպատակին՝ օր առաջ Հայաստանի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար անվտանգ, հասանելի ու որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորությանը։
«Կարծում եմ, որ շուտով մեր ուղևորները կկարողանան օգտվել «Flyone Armenia»-ի ծառայությունների և սպասարկման բարձր որակի ստանդարտներից»,–ասել է Մալեկան։
Նշենք, որ ընկերության ավիապարկը բաղկացած է «Airbus A320» ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 ուղևորի համար և համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի և EASA Security-ի բոլոր չափանիշներին: Բացի այդ, համաճարակի պայմաններում ինքնաթիռները հագեցված են HEPA օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների և բակտերիաների 99,97 տոկոսը:
Ավիաընկերությունը առաջիկայում կսկսի տոմսերի վաճառքը. թռիչքներ կիրականացվեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից:
Հիշեցնենք, որ «Flyone Armenia» ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին և թռիչքներ է առաջարկում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Թեհրան, Լիոն, Փարիզ, Քութայիս, Կրասնոդար, Ստամբուլ և Թել-Ավիվ:
Մայիսին հայտնի դարձավ, որ «SIL Group» կոնցեռնը, որի հիմնադիրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, մոլդովական «FlyOne» ընկերության հետ համատեղ հայաստանյան շուկայում ներկայացնելու է ժամանակակից չափանիշներին համապատասխան «Flyone Armenia» հայկական ավիաընկերությունը։ Այսպիսով, 2022-ին Հայաստանում թռիչքներ կիրականացնեն 4 տեղական ավիաընկերություններ («Armenia Aircompany», «Armenia Airways», «Flyone Armenia», «Fly Arna»)։
0Comments