Ռուսաստանին հաղթող Ուկրաինան կդառնա Եվրամիության անդամ. Զելենսկին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում

Մանրամասներ

Ռուսաստանի դեմ պատերազմում հաղթով Ուկրաինան կդառնա Եվրամիության անդամ. այս մասին փետրվարի 9-ին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է korrespondent.net-ը:

«Մենք մոտենում ենք Եվրամիությանը, Ուկրաինան, որը հաղթում է, կլինի Եվրամիության անդամ»,- ասել է նա։

Զելենսկին վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն դրական գնահատական է պատրաստում Ռուսաստանի դեմ պատերազմող և միևնույն ժամանակ իր ինստիտուտներն արդիականացնող Ուկրաինայի ներքին բարեփոխումներին։

«Մենք պաշտպանվում ենք ժամանակակից աշխարհի ամենահակաեվրոպական ուժից և պետք է պաշտպանվենք… Արդյոք դա հնարավոր կլինի՞, եթե մենք չհաղթահարենք այս հակաեվրոպական ուժը, որը ձգտում է մեզնից գողանալ Եվրոպան: Ո՛չ:Միայն մեր հաղթանակն է երաշխավորելու այս ամենը, մեր յուրաքանչյուր ընդհանուր եվրոպական արժեք, մեր պարտադիր հաղթանակը»,- ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի վտանգը «միայն այն է, որ կա բռնապետ՝ զենքի հսկայական պաշարով, ինչպես նաև այլ բռնապետությունների, մասնավորապես՝ իրանական ռեժիմի զենքերով»։

Իր հերթին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Զելենսկիին ուղղված իր ողջույնի խոսքում ասել է, որ Ուկրաինան լինելու է Եվրամիության անդամ։

«Հպարտությամբ կարող եմ ասել, որ Եվրոպական Ժողովրդավարության այս պալատը, նրա անդամները, մեր Եվրամիությունը միշտ ձեր կողքին են եղել: Մենք հասկանում ենք, որ դուք պայքարում եք ոչ միայն ձեր արժեքների, այլ նաև մեր, այն գաղափարների համար, որոնք մեզ բոլորիս եվրոպացի են դարձնում: Ուստի, Ուկրաինան Եվրոպան է, իսկ ձեր ժողովրդի ապագան Եվրամիությունում է»,- ասել է նա։

Եվրախորհրդարանի նախագահը կոչ է արել ԵՄ-ին աջակցություն ցուցաբերել Ուկրաինային «ոչ միայն խոսքերով, այլև գործով, քաղաքական կամք՝ երաշխավորելու հեշտ, հնարավորինս արագ անդամակցության գործընթացը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի առավոտյան Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բրյուսել՝ ելույթ ունենալու Եվրախորհրդարանում և մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին։

Նախօրեին նա այցելել է Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա։ Մեկ օրում նա բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։