Կուրսկում Ուկրաինայի ԶՈւ–ի զենքը վայր դնելու ժամանակըսպառվում է. Պեսկով

Մանրամասներ
Կուրսկ

Կուրսկի մարզում գտնվող ուկրաինական ռազմական կազմավորումներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ զենքը վայր դնելու մասին, դեռևս գործում է, սակայն Կիևի ռեժիմի ժամանակը սպառվում է: Այս մասին ՏԱՍՍ–ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նրանց ժամանակը շագրենի կաշվի պես սպառվում է», - նշել է նա:

Ավելի վաղ՝ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ, Պուտինը Կուրսկի մարզում գտնվող ուկրաինացի զինյալներին երաշխավորել է, որ զենքը վայր դնելու և գերի հանձնելու դեպքում, նրանք ողջ կմնան ու արժանապատիվ վերաբերմունքի կարժանանան:

ՌԴ նախագահն այս կերպ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որն առաջարկել է խնայել Կուրսկի մարզում շրջափակված ուկրաինական զինյալների կյանքը:

Հիշեցնենք` մարտի 12-ին ՌԴ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կուրսկի խմբավորման կառավարման կետերից մեկում։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը երկրի ղեկավարին զեկուցել է, որ հարձակողական գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Կուրսկի սահմանային գոտում ավելի քան 1100 քառակուսի կմ տարածք, այսինքն՝ նախկինում հակառակորդի կողմից զբաղեցրած տարածքի ավելի քան 86%-ը։

Կուրսկի սահմանային շրջանում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գերազանցել են 67 հազարը։ Գերասիմովը նաև հայտնել է, որ ուկրաինական զինյալներն ակտիվորեն հանձնվում են՝ տեսնելով Կուրսկի ուղղությամբ տիրող իրավիճակի անհեռանկարային լինելը, ՌԴ զինվորականները 430 զինյալ են գերի վերցրել։