Սահմանազատումը և սահմանագծումը պետք է անցկացվի՝ հաշվի առնելով առկա իրավական հիմքերն ու միջազգային նորմերը: Քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը նշում է, որ Ադրբեջանը, մինչև բուն գործընթաց սկսելը, պետք է իր զորքերը հետ քաշի Հայաստանի սուվերեն տարածքից, քանի որ 1970-ին իր իսկ վավերացրած և մինչև այդ էլ առկա քարտեզներում այդ տարածքները Հայաստանինն են:
1970 թ-ի քարտեզը վերջինն է, որ վավերացրել են կողմերը: Ըստ Ռուբեն Գալիչյանի` այն կարող է բանակցությունների համար լինել մեկնարկային՝ ավելի հին քարտեզներն ուսումնասիրելու համար: Նշում է՝ որպեսզի Հայաստանը նոր տարածքային կորուստներ չունենա, սահմանազատման և սահմանագծման գործընթացը չպետք է կայանա` առանց իրավական հիմքերը հաշվի առնելու:
Ռուբեն Գալիչյան (ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագիր) - Սեղանին այն քարտեզները կարող են լինել, որ գենշտաբն է պատրաստել, որ վավերացրել են 70-ին Հայաստանն ու Ադրբեջանը, և որ 2010թ-ին կառավարությունը ներքին վարչական բաժանումները վավերացնելիս վավերացրել է: Ուզենք, թե չուզենք, այդտեղից պետք սկսենք, բայց այդտեղից սկսելու համար Ադրբեջանը պետք է իր զորքերին դուրս բերի այդ սահմանների վրա, որն ինքն է վավերացրել
Փոխարենը Ադրբեջանը շրջանառում է կեղծ քարտեզներ, վստահեցնում է Գալիչյանը, շեշտում՝ կեղծիքով փորձում են նոր տարածքներ ունենալ:
Ռուբեն Գալիչյան - 70-ի քարտեզները Գլխավոր շտաբինն են, որ գծվել են 30-ականներին և ուժի մեջ եղել մինչև 80-ականները, օրինակ` Սև լճի հատվածում երևում է, որ մի փոքր հատված է Ադրբեջանում, մյուսը Հայաստանում է, իսկ Ադրբեջանը հիմա կեղծում է, ու զինվորը այդ կեղծածով գալիս է, մեր սահմանապահին ասում՝ սա է մեր քարտեզը:
Գալիչյանը շեշտում է` բանակցության գործընթացին ոչ թե հաղթող-պարտվող դիրքերից է պետք նայել, այլ միջազգային օրենքներով շարժվել:
Ռուբեն Գալիչյան - Իսկ միջազգային օրենքն ասում է, որ սահմանազատման ժամանակ պետք է ուշադիր լինել, գյուղացուն իր արոտավայրից, ապրուստից չկտրել, դա կատարվել է խորհրդային տարիներին, որը իրավունքի խախտում է:
Մանրամասնում է՝ դեռևս 1920-30-ական թթ․-ին ՀՀ սահմաններից մոտ 1500 քառակուսի կիլոմետր տարածք տրվել է Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանը նպատակ ուներ քրդաբնակ շրջաններ ստեղծել՝ ոտնահարելով հայ գյուղացու բոլոր իրավունքները: «Կարմիր Քուրդիստանը» չստեղծվեց, բայց արոտավայրերը մնացին Ադրբեջանին։
Գալիչյանի դիտարկմամբ` հարցը իրավական ճանապարհով լուծելի է, կան արխիվներում փաստաթղթեր, նամակներ՝ գյուղացիներից:
Ռուբեն Գալիչյան - Չնայած բնօրինակը չենք տեսել, չունենք, Մոսկվան չի տրամադրել ոչ մեկի 1920-23-ին պատրաստած քարտեզները, բայց ունենք փոքրացրած տարբերակը, որը հրապարակվել է խորհրդային հանրագիտարանում 1926-ին: Տակն էլ գրված է` վավերացված է:
Քարտեզագիրն, անդրադառնալով ԱԱԾ-ի այն հայտարարությանը, որ նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևան, նշեց՝ եթե երկուստեք ճանապարհները բացելու խնդիր կա, ապա համապատասխան պայմանագրում միաժամանակ պետք է դա ամրագրվի:
Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր՝ Ադրբեջանը կարող է հատել Հայաստանի սահմանը բացառապես Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
1lurer.am
0Comments