«Ժողովուրդ». Ով կղեկավարի Հարկադիր կատարման ծառայությունը

Մանրամասներ
Սրբուհի Գալյան դավիթ բեգինյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ով է Հարկադիր կատարման ծառայության պետի հավանական թեկնածուն եւ, ըստ, նախնական վարկածի, ում է ուզում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակել Հարկադիր կատարման ծառայության պետ։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ թեկնածուն ԴԱՀԿ-ում երկար տարիներ գործունեություն ծավալած Դավիթ Բեգինյանն է, ով խիստ նեղսրտած տարիներ առաջ հեռացել էր համակարգից:

2020 թվականին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2019 թվականի հուլիսի 19-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը, եւ շուրջ 8 ամիս կատարելով ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները՝ մարտի 9-ին ազատման դիմում գրեց, նեղացած հեռացավ: Նշենք, որ Դավիթ Բեգինյանը մինչեւ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը եղել է ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալը: Ու երբ նա նշանակվել էր ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար, ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել: Բայց քանի որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը որոշել էր ԴԱՀԿ պետի պաշտոնում նշանակել իր քավորին, Դավիթ Բեգինյանին հասկացրել են, որ այս ընթացքում ԴԱՀԿ ոլորտում հեղափոխություն չի արվել, մինչդեռ այդ ոլորտում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից հետո պետք է այնպիսի հեղափոխական քայլեր արվեին, որ ներքեւից վերեւ զգային բոլորը: Բեգինյանը, այսպիսով, 8 ամիս անց ստիպված հեռացավ:

ԴԱՀԿ ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Դավիթ Բեգինյանը, 21 տարի աշխատելով ԴԱՀԿ ծառայությունում, երբեւէ աչքի չի ընկել ակտիվությամբ, եւ այսօր նրանից պահանջել նոր որակի ակտիվ աշխատանք այդքան էլ իրատեսական չէ: Սրբուհի Գալյանը, սակայն, նրա հետ հույսեր է կապում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում