Երևանում մոր պարանոցը կտրած երիտասարդը մեղսունակ է ճանաչվել. ՔԿ

Մանրամասներ
քկ

25-ամյա որդին մոր նախաձեռնությամբ հոգեբուժարանում է եղել, հետո որոշել է վրեժխնդիր լինել նրանից։

Որդու կողմից մորն առանձնակի դաժանությամբ սպանելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 15-ին Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով։ Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նրա 25-ամյա որդին է՝ Գ.Գ.-ն, որը սպանությունից հետո դիմել է փախուստի։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ օգոստոսի 14-ին մոր նախաձեռնությամբ որդին գտնվել է հոգեբուժարանում: Այնուհետև Գ.Գ.-ն վրեժի շարժառիթով վերադարձել է տուն և դանակով առնվազն 27 անգամ հարվածներ հասցրել մոր մարմնի տարբեր հատվածներին, ապա կտրել պարանոցը։

Նշանակված դատահոգեբուժական փորձաքննության համաձայն` Գ.Գ.-ն ճանաչվել է մեղսունակ:

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով: Որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

2024 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: