Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգում անցկացվող հարսանիքի ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երկու կին է մահացել, ևս 4-ը՝ վիրավորվել:
Ինչպես հաղորդում է India Today-ը, միջադեպը տեղի է ունեցել հունվարի 17-ի կեսգիշերին լույս 18-ին, Մորադաբադ շրջանի գյուղերից մեկում: Աղբյուրի հաղորդմամբ` հարսանեկան արարողության մասնակիցներից ոմանք «տոնական կրակոցներ» են սկսել արձակել, ինչի հետևանքով տեղում երկու կին է մահացել՝ 43 և 50 տարեկան, ևս չորսը վիրավորվել են:
Ոստիկանությունը կատարվածը դժբախտ պատահար չի համարում: Կատարվածի առնչությամբ ստուգումներ են անցկացվում:
Հաղորդվում է նաև, որ նմանօրինակ միջադեպ հունվարի 17-ին տեղի է ունեցել Դելիում, երբ հարսանյաց հանդիսության հյուրերից մեկը կրակ է բացել՝ ոտքից վիրավորելով հարսնացուին:
Նշվում է, որ 19-ամյա հարսնացուն տեղափոխվել է հիվանդանոց, սակայն քիչ անց վերադարձել՝ ավարտելու հարսանեկան ծիսակարգերը:
0Comments