Ավան–Առինջում սպանություն է տեղի ունեցել. 45-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Մանրամասներ
ատրճանակ կրակոց

Երևանի Ավան–Առինջ թաղամասում հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել։ ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանությունը հայտնում է, որ փետրվարի 19-ին, ժամը 23։40-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մի տղամարդ` «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ։

ԲԿ–ից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված անձի մոտ գրանցվել է «սրտի կանգ»։

«Պարզել է, որ մահացածը Ավան-Առինջ թաղամասի բնակիչ 1980թ. ծնված Վահագն Մ-ն է։ Ճշտվել է նաև հանցագործությունը կատարած անձի ինքնությունը։ Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին»,– ասված է հաղորդագրությունում։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձին, հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ: