Արմեն Սարգսյանին Մոսկվայում պայթեցնելու գործով ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի. RT

Մանրամասներ
ռդ

ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» հատուկ նշանակության գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործով Մոսկվայում Հայաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին գրում է RT-ն։

Գործով ներգրավվածներից մեկի եղբայրը հայտնել է, որ մոտ երկու շաբաթ առաջ ձերբակալվել են 44-ամյա Արման Պ.-ն և 61-ամյա Հրաչյա Պ.-ն։

«Մենք հստակ չգիտենք, թե ինչու են եղբորս ձերբակալել: Մեզ հաջողվեց կապ հաստատել նրա հետ, նա ասաց, որ իրեն կասկածում են Մոսկվայում տեղի ունեցած պայթյունի մեջ։ Նա փաստաբան չունի»,- RT-ին ասել է Արմանի եղբայրը:

Հետաքննությանը մոտ կանգնած RT-ի աղբյուրը հայտնել է, որ պայթյունի վայրում հայտնաբերվել է ենթադրյալ ահաբեկչի մարմինը։ Նախնական զննության ժամանակ մասնագետները պարզել են, որ տղամարդը 45 տարեկան է, կարճ մուգ մազերով,  շագանակագույն աչքերով և ընդգծված քթով։ Նրա տարբերակիչ հատկանիշներից մեկը ձախ սրունքին թրի տեսքով դաջվածքն է, ավելացրել է RT-ի աղբյուրը։

Ձերբակալվածները ծնվել ու մեծացել են Վաղարշապատում, երկար տարիներ աշխատել Ռուսաստանում։ 

Հայտնի է, որ Հրաչյան պարահանդեսային պարեր է դասավանդել դեռևս Հայաստանում։ Ոչ ձերբակալվածներից, ոչ էլ ենթադրյալ մահապարտ Մ.-ն Ռուսաստանում կամ Հայաստանում հետախուզման մեջ չեն եղել, պարզել է RT-ն։

«Նշված անձինք Հայաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզման մեջ չեն»,- հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։ Գերատեսչությունը չի մեկնաբանել տեղեկատվությունը, թե արդյոք նրանք ձերբակալվել են Ռուսաստանի տարածքում։

Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը նույնպես ՌԴ իրավապահներից որևէ տեղեկություն չի ստացել բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետ կապված իրենց երկրի քաղաքացիների բերման ենթարկելու մասին։

ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ առայժմ չեն մեկնաբանի «Ալ առագաստ» համալիրում տեղի ունեցած սպանության հետաքննության ընթացքը։

Հիշեցնենք, որ «Ալ առագաստներ»-ում պայթյունը տեղի է ունեցել փետրվարի սկզբին: Արդյունքում զոհվել է երեք մարդ՝ Արմեն Սարգսյանը, նրա թիկնապահը և ինքը՝ հանցագործը (ենթադրաբար, մահապարտ է եղել)։

Սպանության պատվիրատուի մի քանի վարկած է շրջանառվում: Դրանցում գլխավորը՝ ուկրաինական հետքն է: Մեկնաբանելով միջադեպը՝ Զելենսկին ակնարկել է, որ երկրի հետախուզությանը հաջողվել է Մոսկվայում վերացնել Ուկրաինայի համար ոչ ցանկալի մեկ անձի՝ չնշելով, թե կոնկրետ ում մասին է խոսքը: 

Նրա խոսքը շատերը համարեցին որպես Արմեն Սարսգայանի պայթեցման ակտի պատասխանատվության ստանձնում, քանի որ հայազգի գործչի հիմնած և ղեկավարած «Արբատի» մարտիկներն ակտիվորեն մասնակցում են պատերազմական գործողություններին: