Փորձագետները խորհուրդներ են տվել, որոնք կօգնեն զբոսաշրջիկներին ճամփորդել առանց ավելորդ սթրեսի, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Travel Daily News-ին։
Ամենից շատ ուղեւորությունները սթրեսի են մատնում նրանց, ովքեր հազվադեպ են մեկնում հանգստանալու, գրում է պարբերականը։ Որպեսզի ճամփորդության ժամանակ անկանխատեսելի իրավիճակներ չառաջանան, փորձագետները խորհուրդ են տալիս ճամփորդությունը պլանավորել նախօրոք. ընտրել ուղղությունը, երթուղին, հյուրանոցը, տրանսպորտային միջոցը, գնել եւ պատրաստել անհրաժեշտ հագուստն ըստ եղանակի։
Եթե որպես փոխադրամիջոց ընտրվել է ինքնաթիռը, ավելի լավ է օգտվել ուղիղ չվերթներից՝ խուսափելու համար տհաճություններից եւ երկարատեւ սպասումից ինքնաթիռը փոխելիս, համոզված են մասնագետները։ Եվ իհարկե, պետք է նախապես ուսումնասիրել երկիր մուտքի կանոնները՝ անհրաժեշտ է արդյոք տեղեկանք պատվաստմա՞ն մասին, թե՞ ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Ճամփորդության պատրաստվելիս չպետք է անտեսել ապահովագրությունը։ «Այն ձեզ եւ ձեր ընտանիքին կպաշտպանի ճանապարհային պատահարներից, չնախատեսված բժշկական ծախսերից, ուղեբեռի կորստից կամ անձնագիրը գողանալուց»,- հավաստիացնում են փորձագետները։
Ապահովագրությունը, նրանց կարծիքով, կարող է «ծածկել» ֆիզիկական ռիսկերը, իսկ ահա հնարավոր թվային սպառնալիքները վերացնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս միշտ գնել տեղի սիմ-քարտ եւ օգտվել բջջային ինտերնետից։ Բոլորին հասանելի Wi-Fi-ն անվտանգ չէ, որովհետեւ հենց «հասանելիության անվճար կետերն են ամենից շատ բաց հաքերների եւ խարդախների համար»։
0Comments