Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հարցազրույցի միայն մի հատվածը լայն քննարկման առարկա դարձավ մեր տեղեկատվական տիրույթում՝ կապված Պրահայի հայտարարության հետ, մինչդեռ դեսպանի հարցազրույցում կային կարևոր այլ շեշտադրումներ։ Դրանիցից մի քանիսը առանձնացրել եմ ու կարծում եմ արժի կարդալ հարցազրույցի ամբողջական տարբերակը:
«Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև հարաբերությունները, բարեկամությունը բազմադարյա են՝ դեռ Կիլիկյան թագավորությունից սկսած, Մարսելում դեռ 17-րդ դարում հայ վաճառականների բնակությունից սկսած»։
«Ինչ վերաբերում է ԼՂ բնակիչների վերադարձին իրենց օջախներ, ապա դա իրավունք է։ Դա վարկած չէ, դա իրավունք է։ Այդ իրավունքը ճանաչվել է արդարադատության միջազգային դատարանի կողմից 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշմամբ, և այդ որոշումը պարտադիր ուժ ունի, այսինքն՝ Ադրբեջանը պարտավոր է կատարել դա։ Այդ որոշման մեջ նաև մանրամասն նշված են վերադարձի չափանիշներն անվտանգության, ժառանգության պաշտպանության առումով, մշակութային կամ կրոնական իրավունքների առումով։ Ամեն ինչ գրված է սևով սպիտակի վրա»։
«Միայն տարեվերջին չէ, որ Սյունիք էի գնացել։ Սյունիք ամենահաճախն եմ այցելում, որովհետև Հայաստանի ամենառազմավարական և սպառնալիքի տակ ամենաշատը գտնվող մարզն է։ Այն, ինչ մտադիր ենք, ցանկանում ենք բացել Սյունիքում, բուն հյուպատոսություն չէ, այլ՝ հյուպատոսական գրասենյակ, այսինքն՝ պատվավոր հյուպատոսի վարած գրասենյակ։ Արդեն որոշել ենք․ այն կտեղակայվի Գորիսում, որովհետև Գորիսը մի կողմից, կարելի է ասել, Սյունիքի խաչմերուկն է, և մյուս կողմից առանձնակի կապ ունի ֆրանսերեն լեզվի հետ․ բնակչության համամասնությունը հաշվի առնելով՝ թերևս Հայաստանի ամենաշատ ֆրանկոֆոններ ունեցող քաղաքն է։ Ժամկետ դեռ չեմ կարող ասել, որովհետև ցանկանում ենք նաև բավականին գեղեցիկ բացման արարողություն կազմակերպել, բայց կարող եմ ասել՝ շուտով»։
Ինչպես նկատեցիք դեսպանը խոսել է նաև Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանից եկող կապերի, Արցախի հայերի անբեկանելի իրավունքների և Սյունիքի մարզի ռազմավարական նշանակության ու առկա սպառնալիքների մասին։ Հավելեմ նաև, որ դեսպանի այս հարցազրույցին արձագանքել էր Ադրբեջանի ԱԳՆ-ն` նշելով, թե իբր «ֆրանսիական կողմը խեղաթյուրում է իրողությունները և շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն և շոշափելի խաղաղության կառուցմամբ»»։
Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցում կային կարևոր շեշտադրումներ. Տաթևիկ Հայրապետյան
Մանրամասներ

0Comments