Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կկիրառվի 6 ամիս ժամկետով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Որոշումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2025 թ. հունվարի 22–ի որոշման կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։
Համաձայն որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազար տոննա ծավալով կարտոֆիլի սերմացուի ներմուծման 0% մաքսատուրքի դրույքաչափ նկատմամբ սակագնային արտոնություն։
«Նախագծով նախատեսված միջոցառման իրականացումն ուղղված է ՀՀ գյուղատնտեսությանը կարտոֆիլի որակյալ սերմացուով ապահովմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կարտոֆիլի սերմացուի ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2025 թ. հունիսի 30–ը ներառյալ։
0Comments