Նախորդ տարվա անկման նկատմամբ պաշտոնական վիճակագրությունը վերջին մի քանի ամիսներին սկսել է աճեր արձանագրել։ Բայց այդ աճերը քիչ կապ ունեն իրական զարգացումների հետ։ Դրանք կապված են հիմնականում արտաքին բարենպաստ միջավայրի հետ։
Մետաղները թանկացել են, ու դա դրական է ազդել տնտեսական ցուցանիշների վրա։
Հիմա կառավարությունը ուզում է դա էլ կտրել։ Տուրք տալով որոշ մարդկանց անձնական ամբիցիաներին՝ խնդիրներ են ստեղծում ոլորտի ամենախոշոր ընկերության համար։ Խոսքը Քաջարանի կոմբինատի մասին է, որը կանգնած է գործունեությունը դադարեցնելու վտանգի առաջ։ Թե դա ինչպես կազդի մեր տնտեսության ու ֆինանսական համակարգի, այդ թվում՝ պետական բյուջեի վրա, կտեսնենք առաջիկայում։
Ընդերքն էական դեր ունի մեր տնտեսության մեջ։ Լա՞վ է, թե՞ վատ, բայց այդպես է, ու դրա հետ դժվար է հաշվի չնստել։ Ընդերքի դերը տնտեսության մեջ միշտ էլ մեծ է եղել, բայց վերջին տարիներին ավելի է մեծացել։ Դա ակնհայտ երևում է հատկապես արդյունաբերության ու արտահանման կառուցվածքում։
Արդյունաբերությունն այս տարի մի փոքր աճել է. 5 ամսվա տվյալներով՝ աճը կազմել է 2,3 տոկոս։
Բարձր չէ, այնուհանդերձ աճ է։ Բայց դա էլ կապված է գերազանցապես մետաղների հետ։
Մետաղները, մասնավորապես՝ պղինձն ու մոլիբդենը, դրսում թանկացել են. ավելացել է դրանց կշիռը մեր արդյունաբերության մեջ։ Նախկին 18-19 տոկոսից հանքարդյունաբերության մասնաբաժինն արդյունաբերության մեջ արդեն անցնում է 28 տոկոսից։
Հինգ ամսում արտադրությունը կազմել է շուրջ 237 մլրդ դրամ, որի հիմնական մասը պղինձն է՝ 164 մլրդ դրամ։ Եվս 15 միլիարդը մոլիբդենի ու ցինկի խտանյութն է։
Այս ճյուղում արտադրության ծավալներն ավելացել են 8,4 տոկոսով, ինչն էլ նպաստել է, որ արդյունաբերությունը մի փոքր աճ ունենա։ Բայց միայն դա շատ քիչ է։ Մշակող արդյունաբերությունը պիտի աշխատի։ Այնինչ՝ մշակող արդյունաբերության հետ կապված՝ հույսերը չեն արդարանում։
Հինգ ամսվա արդյունքում ոլորտը շարունակում է անկումային լինել։ Այն էլ՝ անցած տարվա անկումից հետո։
Անցած տարվա ճգնաժամի ժամանակ մշակող արդյունաբերությունը 5 ամսում նվազել էր 3,6 տոկոսով։ Այս տարի էլ նվազել է 1,4 տոկոսով։
Անգամ անցած տարվա նվազումից հետո՝ նվազումը շարունակվում է։
Անկումը պահպանվում է բազմաթիվ առանցքային ճյուղերում։ Այն դեպքում, երբ նախկինում դրանք բավական բարձր տեմպերով առաջ էին գնում ու աստիճանաբար մեծացնում էին իրենց կշիռը տնտեսության մեջ։ Խոսքը հատկապես ծխախոտի արտադրության մասին է, որը մինչև ճգնաժամը դարձել էր մշակող արդյունաբերության ամենախոշոր արտադրատեսակներից մեկը՝ անցնելով նույնիսկ խմիչքներից։ Ճգնաժամի ժամանակ այն կտրուկ կրճատվեց ու մինչև հիմա էլ կրճատվում է։
Անցած տարվա 5 ամսում ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը մեր երկրում նվազել էր 19 տոկոսով։ Այս տարի էլ երկնիշ անկումը պահպանվում է։ Անցած տարվա անկման վրա այս տարվա 5 ամսում ճյուղի արտադրությունը կրճատվել է ևս 17 տոկոսով։ Այն 50 մլրդ դրամից նույնիսկ քիչ է։ Մինչդեռ ճգնաժամին նախորդող տարում հասնում էր 73 մլրդ դրամի։
Անցած ու այս տարվա ընթացքում ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կրճատվել է գրեթե 70 տոկոսով՝ հիմնականում ծխախոտի հաշվին։ Անցած տարվա 5 ամսում ծխախոտի արտադրությունը նվազել էր 14 տոկոսով, այս տարի էլ նվազել է գրեթե 21 տոկոսով։
Այսինքն՝ ավելի շատ, քան անցած տարի։ Այն էլ՝ անցած տարվա նվազումից հետո։
Եթե 2019թ. առաջին 5 ամսում Հայաստանում արտադրվել էր 12,5 միլիարդ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է ընդամենը 8,5 միլիարդ հատիկ սիգարետ՝ 4 միլիարդով կամ 68 տոկոսով ավելի քիչ։
Նվազել է սննդամթերքի բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ նաև ալյուրի, հացի, ձավարեղենի, մակարոնեղենի արտադրությունը։
Մշակող արդյունաբերությունն ընդհանուր առմամբ մնում է անկումային։ Ու միայն հանքարդյունաբերության ճյուղն է, որ աճել է։ Հինգ ամսում՝ 8,4 տոկոսով։
Երկարաժամկետ հատվածում աճն ավելի տպավորիչ է։ Երկու տարում ճյուղի արտադրությունն ավելացել է 54 տոկոսով։ 2019թ. առաջին հինգ ամսում այն կազմել էր 129 մլրդ դրամ ու այդ ցուցանիշով զբաղեցնում էր արդյունաբերության ոլորտի թողարկման ընդամենը 17,6 տոկոսը։ Հիմա անցնում է 28 տոկոսից։
Արդյունահանման ու գների բարձրացման արդյունքում արդյունաբերության մեջ գնալով ավելանում է՝ ընդերքի, նվազում է մշակող ճյուղի դերը։ Այն ճյուղի, որը պիտի դառնար մեր տնտեսության առանցքը։
Այս տարի մետաղների գները միջազգային շուկաներում բարձր են, ու դա էապես նպաստել է նաև մեր արտահանման ավելացմանը։ Միայն պղնձի ու հանքահումքային մի քանի այլ հարակից ապրանքների հաշվին տարվա առաջին 5 ամիսներին արտահանումն ավելացել է 34 տոկոսով կամ 106 մլն դոլարով։ Անցած տարի արտահանվել էր՝ 306 միլիոնի, այս տարի՝ 412 միլիոնի արտադրանք։ 2019թ. էլ հանքահումքը 257 միլիոն էր։ Երկու տարում այն ավելացել է 155 մլն դոլարով։ Նույն ժամանակահատվածում մեր արտահանումն աճել է ընդամենը 122 մլն դոլարով։
2019թ. առաջին 5 ամիսներին Հայաստանից արտահանվել էր՝ 960 մլն դոլարի, այս տարի՝ 1 մլրդ 82 մլն դոլարի ապրանք։ Եթե 2019թ. հանքահումքային արտադրանքը կազմում է ընդհանուր արտահանման 26 տոկոսը, հիմա հասել է 38 տոկոսի։ Արտահանման մեջ անհամեմատ ավելացել է ընդերքի բաժինը, փոխարենը՝ նվազել է տնտեսության մյուս ճյուղերի պոտենցիալը։
Այս թվերը ցույց են տալիս, որ մեր տնտեսությունը մեծապես նստած է ընդերքի վրա։ Լավ չէ, որ այդպես է, բայց դա այն է, ինչ ունենք։ Տնտեսության մյուս ճյուղերում աճ չկա կամ ավելի ցածր է, ու դա փոխհատուցվում է ընդերքի հաշվին։
Ընդերքի հաշվին է այս տարի աճել՝ ինչպես արդյունաբերությունը, այնպես էլ՝ արտահանումը։ Ընդերքի հաշվին մեծ քանակությամբ արտարժույթ է գալիս Հայաստան, ինչը թույլ է տալիս հագեցնել տարադրամի պահանջարկը։
Հիմա կառավարությունը վտանգավոր խաղ է սկսել։ Այդ խաղը կարող է տխուր ավարտ ունենալ՝ ինչպես ճյուղի, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության ու ֆինանսական հատվածի համար։
0Comments