«168 ժամի» «Բանանի շուկայում գին թելադրողը Սամվել Ալեքսանյանն է» հրապարակումից հետո նորանոր մանրամասներ ի հայտ եկան։ Մենք գրել էինք, որ հայտնի օլիգարխը «Սիթի» անվամբ նոր ընկերություն է ստեղծել այս տարվա մայիսին եւ նոյեմբերին սկսել է բանան ներմուծել հարեւան Վրաստանից, եւ հենց «Սիթիի» ներկրած խմբաքանակի «շնորհիվ» բանանի գինը վերջերս կտրուկ թռիչք է գրանցել՝ 350 դրամից դառնալով 600 դրամ (1 կիլոգրամը)։
Ըստ որոշ նոր աղբյուրների՝ Սամվել Ալեքսանյանն իսկապես գին է թելադրել, սակայն ոչ թե թանկացման առումով, այլ՝ սպասվող թանկացումը որոշ չափով մեղմելու։ Բանան ներկրող ընկերություններն ասում են, որ այս սեզոնին բանանն ամբողջ աշխարհում է թանկանում, եւ ընդունում են, որ, եթե Ալեքսանյանը չսահմաներ այդ գինը, ապա այժմ խանութներում բանանն ավելի թանկ կվաճառվեր, քան 600 դրամը։
Ինչեւէ։ Ներմուծողները մեզ հետ զրույցներում այլ՝ առավել կարեւոր խնդիր մատնանշեցին` շուկայում անհավասար մրցակցություն է։
Ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո վրացական ընկերություններն ակտիվացան հայկական շուկայում իրենց հայ գործընկերների միջոցով, եւ նրանց իրականացրած դեմպինգի հետեւանքով բանանի 1 կիլոգրամի գինը դարձավ 350 դրամ։ Այդ ժամանակվանից մինչեւ վերջերս հայկական ներկրողները, որոնք բանանը բերում են անմիջապես Էկվադորից ու Կոստա Ռիկայից, պարտադրված վնասով են աշխատել եւ հիմա նոր «ուշքի են գալիս»։ Այլ հարց է, որ հայկական շուկան ողողելուց հետո այդ բանանները գերհագեցրեցին նաեւ վրացական շուկան, ու այնտեղ էլ «ակամա» դեմպինգ է եղել։
Վրաստանից բանան ներմուծող հայկական ընկերությունները պարզագույն խարդավանք են կիրառում՝ վրացական կողմից մաքսակետն անցնելիս ներկայացնում են իրական հաշիվ-ապրանքագրերը (ինվոյսները), չեզոք գոտում փոխում են դրանք ու հայկական մաքսավորներին ներկայացնում ավելի ցածր արժեքով հաշիվ-ապրանքագրեր, արդյունքում՝ մաքսազերծումն ավելի մատչելի գնով են իրականացնում։
Հուսով ենք՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ) անտեղյակ չեն ու համապատասխան քայլեր կձեռնարկեն՝ հավասար մրցակցային դաշտ ապահովելու համար։ Իսկ լուծումը շատ պարզ է՝ ընդամենը պետք է հարցում ուղարկել վրացի գործընկերներին ու համեմատել երկու կողմերին ընկերությունների ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի տվյալները։
Վրացիների ակտիվացումը հայկական շուկայում նաեւ որոշ առումով սպառնալիք է պարունակում։ Մասնավորապես, ըստ մեր տեղեկությունների, հայկական ընկերություններին բանան մատակարարող վրացական 2 ընկերությունների՝ «Patara Mze» եւ «ALB trading», սեփականատերերը Վաժա Բադագաձեն և Ադրբեջանի քաղաքացի ոմն Իմադն են։ Վերջինս Ալիեւների կլանի մտերիմն ու գործընկերն է։ Նրանց բանանը՝ «Akebana», «Ecuasabor», «Kassandra», գրավել է Գյումրին ու Վանաձորը, լայն սպառում ունի նաեւ Երեւանում եւ, քանի որ նրանց ապրանքն ավելի ցածր գնով է մուտք գործում Հայաստան, որեւէ հայկական ընկերություն չի կարողանում այնտեղ մրցակցել նրանց հետ։
Հարկ է նկատել, որ մեր աղբյուրներից ոմանք պնդում են, որ Ալեքսանյանի ընկերության գործընկերը «Patara Mze»-ն է, սակայն այլ աղբյուրներ պնդում են, որ Բադագաձեի ու Իմադի գործընկերը «Ցիտրուս-Մ» ընկերությունն է, որը բավականին ակտիվ գործունեություն է ծավալում։
Բանանը սովորաբար տեղափոխում են կանաչ վիճակում, իսկ արդեն վաճառքից առաջ մշակում էթիլեն գազով, որպեսզի այն հասունանա ու դեղնի։ Մասնագետները նշում են, որ վերամշակման ժամանակ չի բացառվում նաեւ առողջության համար վտանգավոր այլ ներգործությունը։ Վրաստանից Հայաստան վերաարտահանվող բանանը չպետք է ենթարկվի որեւէ մշակման։ Իսկ մեր աղբյուրների հավաստմամբ՝ Բադագաձեի ու Իմադի մատակարարած բանանը ոչ միշտ է կանաչ։
Ինչպես անցած տարի Հայաստան ներկրված ադրբեջանական խնձորը սպառողների տագնապը հարուցեց եւ արժանացավ պատկան մարմինների ուշադրությանը, ճիշտ կլիներ՝ նաեւ բանանի ու ընդհանրապես մյուս մթերքների դեպքում հսկողությունն առավել խստացվեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments