«Ես չեմ զարմանում, որ գազի գնի հետ կապված հարցերը հետաձգվեցին մինչև դեկտեմբեր, քանի որ մեր պետական որոշ մարմիններ, ոլորտային նախարարություններ պետք է ցուցաբերեին զգոնություն։ Նույն կերպ նկատում եմ, որ մենք ունենք նաև այլ խնդիր, որի մասին այս պահին չի խոսվում, բայց որոշ ժամանակ անց կխոսվի»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում գազի գնի շուրջ ծավալված քննարկումներին, որի արդյունքում հստակ որևէ որոշում չի ընդունվել։
Ըստ Գագիկ Մակարյանի՝ երկրորդ կարևորը խնդիրը Հայաստանի համար այն է, որ Վրաստանի կառավարությունն արգելելու է բեռնատարներով ապրանքների ներկրումը՝ ցորեն, անասնակեր, փոխարենն առաջարկել է օգտվել ծովային ճանապարհից: «Այս խնդիրը դեռ փակված չէ, ու հարցը վերանայված չէ»,- նշել է Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարության մատնանշած ճանապարհով բեռների տեղափոխումն էականորեն թանկանում է.
«Այս որոշման քննարկումը Վրաստանի կառավարությունը հետաձգել է մինչև հունվար, բայց չգիտենք՝ ինչ է լինելու։ Սրա մասին որևէ մեկը չի խոսում, սա էլ է գազի գնին հավասար խնդիր։ Եթե հացահատիկը, թռչնակերը պետք է թանկանա, ապա Հայաստանում ենթադրաբար դրանից հետո լուրջ թանկացումներ են լինելու։ Պետական մարմինները, որոնք լիազորված են այս խնդրով զբաղվելու համար, պետք է անհանգստանան, տնտեսական գծով փոխվարչապետ ունենք, նա ևս պետք է անհանգստանա, նրա քունը չպետք է տանի»,- ընդգծել է Գագիկ Մակարյանը:
0Comments