Իհարկե, աշխարհաքաղաքական իմաստով շատ ավելի քաղաքակիրթ եւ շահեկան կլիներ մեզ համար՝ որպես պետության, եվրոպամետ կողմնորոշում ունենալը։ Թեկուզ միայն այն իմաստով, որ եվրոպական բարեկեցության եւ դեմոկրատիայի մակարդակն անհամեմատելի է Ռուսաստանում տիրողի հետ, որտեղ ո՛չ խոսքի ազատություն կա, ո՛չ անձի իրավունքների պաշտպանվածություն, ո՛չ ազատ ընտրություններ ու ընդդիմություն։ Բայց եթե մեր իշխանությունների եվրոպամետ խաղերը մեզ համար Արցախի կորուստ, հազարավոր զոհեր, մեր պետական տարածքների կրճատում, մեր ազգի անվտանգ գոյատեւման վտանգում են բերելու։
Եթե ամեն անգամ Մակրոն ու Բլինքեն «խաղարկելուց» հետո մենք նոր սահմանային միջադեպ ենք ունենալու, նոր զոհեր ու անորոշ ապագա, տարրական խելամտությունն ասում է, որ դա ոչնչով չարդարացված ավանտյուրա է։ Պարզ է, որ արեւմտյան «գաստրալյորները» շատ կուզենան Հայաստանը պոկել Ռուսաստանից, ռուսական ռազմաբազան դուրս բերել Հայաստանից, թեկուզ թուրք-ադրբեջանական դիկտատի հաստատմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատել եւ արեւմտյան ներկայությունն ապահովել։ Եվ նրանց համար միանգամայն անկարեւոր է, թե Արցախի որ մասը կմնա հայկական, Սյունիքից քանի կտոր կգրավեն ադրբեջանցիները, եւ մեր պետության սահմանները որտեղով կանցնեն, եւ հայ մարդն էլ ինչքան նվաստացած կզգա իր հողում։ Եվ անկարեւոր է, թե իրենց համար ցանկալի այդ փոփոխությունների ճանապարհին քանի հայ երիտասարդ կզոհվի, եւ քանի հայ ընտանիք կդժբախտանա։ Ասիան ոտնատակ տված, մահմեդական աշխարհը տասնամյակներ շարունակ տակնուվրա արած ԱՄՆ-եվրոպական տանդեմը նման տվայտանքներ չունի։ Բայց մեր իշխանությունն այդ ավանտյուրայի մեջ ներքաշվելուց առաջ պետք է դրա հետեւանքները հաշվարկեն եւ լավ կշռեն, թե որ նժարն է ավելի ծանր։
Ամբողջական հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթում
0Comments