Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չեն կայացել, տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել հանգստի

Ես իրավասու չեմ մեկնաբանություն տալու, լրագրողներին հետ խոսում են մեր ղեկավարները, միայն կարող եմ ասել, որ ուղևորներին մոլորության մատնելու միտում չենք ունեցել. Տուրիստական գործակալության ներկայացուցիչ

Քաղաքացին ահազանգել է Tert.am-ի խմբագրություն և հայտնել, որ այսօր առավոտյան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից պատրաստվել են  UJ 2371 չվերթով մեկնել Շարմ Էլ Շեյխ՝ հանգստի նպատակով, սակայն տեղեկացվել է, որ չարտերային չվերթը չի կայանա:

«Պատրաստվում ես թռիչքի, գումար ես ծախսում, մեկ էլ պարզվում է, որ չես էլ մեկնելու և որևէ բացատրություն չկա, թե ինչու: Հասկանում ենք, որ չարտերային չվերթ է, բայց պետք է պարզաբանել քաղաքացիներին, հայտնել չվերթի չիրականացման պատճառը, փոխհատուցման հարցն էլ հստակ չէ: «A&R» կազմակերպությունը, որը պարզվեց, աշխատում է թուրքական տուրիստական ընկերության հետ, մեզ փաստի առաջ է կանգնեցրել»:

Քաղաքացին հայտնեց, որ Երևանում գործող «A&R» տուրիստական  կազմակերպությունը հանդիսանալով, նրա  խոսքով՝ թուրքական «Թեզ-տուր» կազմակերպության ներկայացուցիչը, Շարմ Էլ Շեյխ չվերթի համար  ԱլՄասրիա ավիաընկերության տոմսերն է վաճառել:

Tert.am-ը քաղաքացիներին ավիատոմսեր վաճառած տուրիստական «Էյ էնդ Ար»(,,A&R,,) ընկերությունից պարզաբանում խնդրեց, թե քանի՞ քաղաքացի էր պատրաստվում մեկնել Շարմ էլ Շեյխ, ինչո ՞ւ չի իրականացվել չվերթը, և արդյոք փոխհատուցում տրվելո ՞ւ է քաղաքացիներին:

Տուրիստական գործակալության ներկայացուցիչն ասաց, որ չվերթը չի իրականացվել և այլ հարցերի հրաժարվեց պատասխանել.«Ես իրավասու չեմ մեկնաբանություն տալու, լրագրողներին հետ խոսում են մեր ղեկավարները, միայն կարող եմ ասել, որ ուղևորներին մոլորության մատնելու միտում  չենք ունեցել»:

Հարցին, թե ինչպես կարող են «ղեկավարներից» մեկնաբանություն ստանալ, տուրիստական գործկալության աշխատակիցն ասաց.«Ղեկավարները ավելի լուրջ հարցով են զբաղված, քան հարցերին պատասխանելը»:

Դիտարկմանը, թե ասում են, որ մոտ հարյուր ուղևոր դուրսն է մնացել, դա կարևոր չէ ՞, տուրիստական ընկերության ներկայացուցիչն ասաց.«Դա մեր կազմակերպության հարցն է»:

Tert.am-ը քաղաքացու ահազանգի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ նաև Քաղավիացիայի կոմիտեից, որտեղից չվերթը չիրականանալու մասին լուրը հաստատեցին.«Այո, առավոտյան նախատեսված չվերթը դեպի Շարմ Էլ Շեյխ չի իրականացվել: Չարտերային չվերթ է եղել, Քաղաքավիացիայի կոմիտեն տվել է համաձայնությունը չվերթի իրականացման համար, ավիաընկերությունը օրենքով սահմանված կարգով բոլոր փաստաթղթերը նախապես ներկայացրել է»:

Tert.am-ը կապ հաստատեց նաև Եգիպտոսում ՝ «A&R» ընկերության հետ համագործակցող ԱլՄասրիա ավիաընկերության հետ, որտեղից սակայն չվերթի չիրականացման մասին հարցերին չպատասխանեցին:

Tert.am-ի տեղեկություններով՝ սակայն, չի իրականացվել նաև UJ 2370` Շարմ էլ Շեյխից-Երևան չվերթը, և մոտ չորս տասնյակ ուղևոր մնացել են Շարմ էլ Շեյխում:

Եգիպտոսում ՀՀ դեսպանության հետ կապ հաստատել չհաջողվեց, ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ուղևորների տեղափոխման հարցն իրենց տիրույթում չէ և ուղևորների պատասխանատուն ավիափոխադրողն է, որը, ինչպես նշեցինք, չիրականացրած չվերթների մասին մեկնաբանություն չի տալիս: