«Հեղափոխության 2-րդ փուլ» ձեւակերպումը կարծես թե վատը չէր, առնվազն՝ ճշմարտությանը մոտ էր. իսկապես մենք ականատեսն ենք դառնում (կամ՝ դառնալու) նոր իրողության. Խոսքը Հայաստանում այլ պետությունների եւ այլ շահերի ազդեցության զգալի մեծացման մասին է։ Այս մասին ասված է «Այլընտրանքային նախագծեր խմբի» հրապարակած հոդվածում:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է.
« Ցնցումային արդարադատություն
Եթե ամերիկացիները նախկինում իրենց քաղաքական շահերը Հայաստանում սպասարկում էին հիմնականում հասարակական կազմակերպությունների եւ որոշ ֆոնդերի միջոցով, ապա այժմ փորձում են ներթափանցել պետական կառավարման համակարգ եւ շատ լուրջ քայլեր են ձեռնարկում դատաիրավական համակարգի վրա ազդեցությունը կտրուկ ուժեղացնելու ուղղությամբ։ Վերջին՝ իբր էմոցիոնալ զարգացումների հետեւում այս ամենը հաստատող չոր փաստեր են։
Խնդիրը հետեւյալն է. երբ հետհեղափոխական իշխանությունը կարեւոր հարցերի շուրջ մեկ տարի շարունակ չի կարողանում ձեւակերպել հստակ տեսակետներ եւ մեկ տարվա ընթացքում հասարակությանը չի ներկայացնում պետության զարգացման իր մոդելը, ռեֆորմների իր հայեցակարգերը, ապա նրա փոխարեն դա սկսում են անել ուրիշները։ Այլ պետությունները եւ այլ շահերը սկսում են «փայ մտնել» հեղափոխության մեջ եւ իրենց օրակարգը սահուն հրամցնել։ Դա շատ հաճախ արվում է այնքան սահուն եւ տեխնոլոգիապես ճիշտ, որ իշխանություններն ու առավել եւս՝ ժողովուրդները, չեն էլ կասկածում, որ դա դրսում մշակված ու հրամցված օրակարգ է։
Այս առումով բացառիկ օրինակ է անցումային արդարադատության ծրագիրը, որը երկիրը մաշելու է անթույլատրելիության աստիճան եւ դառնալու է, բառիս բուն իմաստով, ցնցումային արդարադատություն՝ չափազանց անկանխատեսելի հետեւանքներով։ Ուղղակի այս պահին հնարավոր չէ հաշվարկել անցումային արդարադատության ներդրումից հետո ստեղծվելիք իրականությունը։ Եվ ապշեցնող է սա չհասկացողների ինքնավստահությունը։
Զուգահեռ թիրախավորվում է հայկական բանակից հետո մեր երկրորդ ամենակայուն համակարգը՝ բանկային համակարգը, որը երկրի անկախությունը երաշխավորող եւ օտարերկրյա ազդեցությունը զսպող կարեւորագույն օղակներից մեկն է։ Սա առայժմ լայն հրապարակայնացում չի ստանում, բայց տարբեր շրջանակներում ու աշխատասենյակներում սկսում է վերածվել օրենքի նախագծերի ու քաղաքականության։
«Պատմական կաղապարներից դուրս գալու» առաջարկը ըստ էության ենթադրում է բանակի հեղինակազրկում, Արցախի կարեւորության թերագնահատում, պատերազմում տարած հաղթանակների արժեզրկում, հաղթանակի լիդերների հեղինակազրկում, մշակութային եւ արժեհամակարգային գաղափարների արժեզրկում, որից հետո՝ պետական քիչ թե շատ կայուն համակարգերի փլուզման քաղաքականություն։ Անցումային արդարադատության քողի տակ դատական համակարգը փլուզելուն զուգահեռ՝ փորձ է արվում նոր օրենքների միջոցով խաթարել բանկային համակարգի կայունությունը։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ որքան թույլ եւ արժեզրկված են պետական ինստիտուտները, այնքան հեշտ է աշխարհքաղաքական բեւեռների կողմից միջամտությունը այդ երկրի ներքին գործերին։ Դրա ամենավառ օրինակն Ուկրաինան է։ Հայաստանի պարագայում նման սցենարը կարող է հանգեցնել ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրընթաց, անկառավարելի վատթարացմանը, ինչը հղի է լրջագույն վտանգներով, այդ թվում՝ անվտանգության։ Սա կարող է այնքան արագ կատարվել, որ մենք չհասցնենք հակակշռել եւ ուղղակի արձանագրենք կայացած փաստը։
Արդյո՞ք հասկանում են Հայաստանի իշխանությունները, որ այլ տերությունների միջամտության վերջնական նպատակը երկրի քաղաքական ճակատագրի տոտալ վերահսկումն է։ Սա հանգեցնելու է ինքնիշխանության կորստի, եւ քաղաքական գործըթացները դուրս են մնալու նույնիսկ այսօրվա իշխանությունների վերահսկողության տիրույթից։ Եթե չեն հասկանում եւ եթե չկա վերջնական որոշում, ապա Փաշինյանի իշխանությունն ունի աջակցության կարիք, որը պետք է այս փուլում ապահովել՝ վատագույն անդառնալի սցենարներից խուսափելու համար։
Նոր մեծ փողեր, նոր մեծ նպատակներ
Նույնիսկ փորձագիտական շրջանակների համար աննկատ անցավ երկու ուշագրավ իրադարձություն։ Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանին 500 մլն նոր վարկի ծրագիրը։ Ընդ որում՝ կարեւորվում են թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ նոր կառավարության տեսլականները։ Իսկ ԱՄՀ-ն իր հերթին հաստատել է Հայաստանին 248.2 մլն վարկի տրամադրումը։ Այսինքն Հայաստանը շատ հեշտ ստանում է մոտ 750 մլն դոլարի վարկ միջազգային այն կառույցներից, որտեղ Միացյալ Նահանգների ձայնը որոշիչ է։ Ինչի՞ դիմաց, ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում։ Կա վարկած, որ մայիսին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչական պատվիրակությունը (ինչի մասին մենք գրել էինք նախորդ նյութում) ուներ կոնկրետ նպատակ՝ Հայաստանի ներքին բարեփոխումների ճանապարհային քարտեզի մշակում՝ որպես վարկերի ստացման պայման։ Ընդգծենք, որ խոսքը վարկերի՛ մասին է, եւ ոչ՝ դրամաշնորհների, ինչպես Վրաստանում։ Շատ հավանական է, որ հենց այս բարեփոխումների արդյունքում նրանք կստանան մուտք դեպի տեղեկատվական ողջ բազան, այդ թվում, եւ գուցե առաջին հերթին՝ դեպի բանկային գաղտնիք, եւ ըստ էության, վերահսկողության տակ կվերցնեն այն։ Իսկ որպես վարկերի վերադարձելիության երաշխիք Հայաստանում պետք է ներդրվի այսպես կոչված անցումային արդարադատության մեխանիզմը, ինչը ոչ այլ ինչ է, քան՝ սեփականության արագ էքսպրոպրիացիայի մեխանիզմ։ Միամտություն է կարծել, թե այս ամենի միակ թիրախը Հայաստանն է։ Սրան ուղիղ առնչվում են Ռուսաստանն ու Իրանը։ Եվ մեծ հաշվով, նրանց հանդեպ գործողությունների ճանապարհային քարտեզն է։ Բայց Հայաստանի համար դա ուղիղ ճանապարհ է դեպի քաոս ու այլ՝ դեռեւս դժվար կանխատեսելի ռիսկեր։ Սա նշանակում է՝ վախեցնել ու հեռու վանել ռուսական ու ռուսահայ կապիտալը, որը, բնական է, չի ցանկանա ամերիկյան վերահսկողության տակ գտնվող բանկային համակարգում ներդրումներ ու խոշոր շրջանառություն ունենալ։ Ունի՞ արդյոք իշխանությունը մոտավոր հաշվարկ, թե ինչպիսի արտահոսք կարող է սկսվել երկրից, եթե այդ կապիտալը սկսի «վախենալ»։
Մինչ Փաշինյանը հակահեղափոխություն է փնտրում բոլոր այն տեղերում, որտեղ այն չկա, չի նկատում կամ չի ուզում նկատել, որ իր իշխանության ամենաինստիտուցիոնալ վտանգը այլ տեղ է։ Ընդ որում՝ այդ վտանգը գեղեցիկ ու չափազանց վտանգավոր գաղափարների առաջարկների ու իրականացումների մեջ է՝ դատարանների շրջափակում, անցումային արդարադատություն, վեթթինգ, բանկային համակարգի եւ բանկային գաղտնիքի մեղմում, չեղարկում, նոր պարտավորություններ, երկրում ներքին թշնամանք, գերտերությունների շահերի բախման կիզակետում հայտնվել եւ այլն։ Մնացածը տեխնիկայի հարց է։
Իշխանության մեջ հակակշիռների բացակայության, ինքնուրույն ձայնի բացակայության եւ մեկ անձի հիման վրա կառուցված իշխանությունը չափազանց վտանգավոր է։ Ըստ էության, եթե երկրում չլինեն հակակշիռներ՝ իշխանության մեջ եւ իշխանությունից դուրս, ապա մեկ անձի միջոցով հնարավոր է իրականացնել, ներդնել ցանկացած այլ շահեր եւ սցենարներ։ Մեկ անձը չի կարող հաշվարկել բոլոր ռիսկերը, չի կարող միշտ ընդունել ճիշտ որոշումներ, եւ մի պահի ինքն է անձամբ դառնում խոցելի։ Եթե մենք ուզում ենք 21-րդ դարում պետություն ունենալ, այս պարզ ճշմարտությունը պետք է ընդունենք՝ անկախ քաղաքական հայացքներից։
Ամենայն հավանականությամբ, հեղափոխության հռչակված 2-րդ փուլը նշանավորվելու է այլ միջավայրերում մշակված սցենարների եւ գաղափարների` Հայաստանում ներդրման փորձերով եւ կոնկրետ անհատների դեմ թիրախավորված պայքարով։ Հենց այս թեմանները մենք կբացենք հաջորդ անգամ։
0Comments